Ամերիկյան ավիաշինարարական Boeing կորպորացիան պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հավանայի երկնքում Boeing -737 օդանավի վթարի կապակցությամբ ։ Այս մասին ասվում է Boeing-ի հայտարարության մեջ, փոխանցում է ՏՍՍՍ-ը։
«Boeing-ի մի խումբ տեխնիկական մասնագետներ պատրաստ են աջակցություն ցուցաբերել ԱՄՆ օրենքների համաձայն ու ըստ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային խորհրդի եւ Կուբայի իշխանությունների որոշման»,- նշել են ընկերությունից։ Նաեւ ընկերությունը ցավակցություն է հայտնել վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
Նախօրեին Կուբայում Boeing 737 օդանավը վթարի է ենթարկվել, երբ կատարում էր Հավանա-Օլգին ներքին չվերթը Cubana de Aviacion ընկերության համար։ Օդանավը ընկել էր օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո՝ օդանավակայանի ու Սանտյագո –դե –Լաս-Վեգաս բնակավայրի միջեւ գտնվող տնտեսվարական գոտում՝ Հավանայից մոտ 20 կմ հարավ։ Վթարից հետո չորս մարդ է հոսպիտալացվել, սակայն նրանցից մեկը հետագայում մահացել է։ Օդանավը 104 ուղեւոր էր փոխադրում, իսկ անձնակազմի անդամների թիվը վեցն էր։ Անձնակազմի հինգ անդամները, այդ թվում օդաչուները, մեքսիկացի են եղել։