News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմների հիմնարար սկզբունքների մասին» համաձայնագրի կնքման հնարավորությունը բավականին բարձր է, քանի որ այս հարցով բանակցություններն արդեն երկար ժամանակ են ձգվում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է վրացագետ Ալիկ Էրոյանցը։

Միաժամանակ, նա նշել է, որ ըստ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2011 թվականին կնքված հիմնարար համաձայնագրի՝ իրավիճակը պետք է վերահսկեն շվեյցարիացի դիտորդները, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում։

«Անցած տարի նրանք հասել էին վերջնական համաձայնության, եւ, թվում էր, թե այդ համաձայնագիրը կկնքվի, սակայն դա տեղի չունեցավ։ Վրացական կողմի հայտարարությամբ՝ դրանում մեղավոր էր ռուսական կողմը, որն ամեն կերպ խանգարում էր դրան»,–պարզաբանել է Էրոյանցը։  

Միաժամանակ նա շեշտել է, որ Վրաստանը ռուսական կողմից ավելի վաղ է պայմանագիր է կնքել շվեյցարիական ընկերության հետ, որը զբաղվելու է մոնիթորիգով։  

Փորձագետը նշել է, որ խնդիրները դրանով չեն ավարտվում։ Այսպես, Էրոյանցի խոսքով, հայտնի չէ, թե ինչպես իրենց կդրսեւորեն Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի իշխանությունները եւ չեն բարդացնի արդյոք տվյալ համաձայնագրի իրականացումը։

Նա նշել է, որ այդ համաձայնագրի կնքումը բխում է ոչ միայն Թբիլիսիի եւ Մոսկվայի, այլ նաեւ Երեւանի շահերից, քանի որ կարող է լրջորեն ազդել հանրապետությունում գնագոյացման վրա եւ լուծել Լարսի սահմանային մաքսակետում առկա հարցերը՝ ՀՀ–ի համար մեծ հնարավորություններ բացելով։

Էրոյանցը չի բացառել, որ այս կամ այն քաղաքական պատճառներով այդ համաձայնագրի կնքումը կարող է կրկին հետաձգվել անորոշ ժամանակով։ Այս պատճառով հայկական կողմը պետք է ակտիվ մասնակցություն  ցուցաբերի այդ գործընթացում, որ արագացնի եւ ամրապնդի դրա ստորագրման հնարավորութունը։

«Դա, իհարկե, բխում է մեր շահերից։ Սակայն դեռեւս պետք է սպասողական դիրքորոշում զբաղեցնել»,–եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի մասնակցությամբ Պրահայում մայիսի 24-ին կայանալիք բանակցությունների ժամանակ Վրաստանը եւ Ռուսաստանը «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագիրը իրականացնելու հարցերով հատուկ աշխատանքային խումբ կձեւավորեն։ Այդ համաձայնագիրը նախատեսում է այսպես կոչված «առեւտրային միջանցքի» ստեղծում Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջոցով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ