News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը արձագանքել է Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձություններն, նշել, թե իրողության վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն:

«14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից եւ այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը եւ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են եւ հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից:

Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին:

Միաժամանակ, ներկայումս Ս.Խառատյանի նախաձեռնությամբ, իր մտերիմների միջոցով քոլեջի մուտքը փակել են՝ իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետեւանքով 18.05.2018թ.-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է:

Ս. Խառատյանը դրսեւորել է կրթական հաստատության ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում: Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը եւ այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը:

Որպես կանոն՝ ՀՊՏՀ ղեկավարությունը զուսպ է նման լուրերին արձագանքելու հարցում, այս դեպքում եւս ցանկալի չէր ցավալի միջադեպի հրապարակայնացումը, սակայն, ցանկանում ենք ընդգծել, որ անընդունելի է փաստերի աղավաղմամբ նման ապատեղեկատվության տարածումը քոլեջի տնօրենի պաշտոնակատարի մտերիմների կողմից:

Քոլեջի ղեկավարի հանցավոր արարքի պատճառով հեղինակազրկվում է համալսարանը եւ քոլեջը, որոնք, որպես կրթական հաստատություն, իսկապես այս ընթացքում լուրջ հաջողություններ են արձանագրել»,- ասվումէ  ՀՊՏՀ հայտարարության մեջ:

Ի դեպ, ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստվում է սույն նյութերը ներկայացնել ՀՀ ոստիկանություն՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՊՏՀ ղեկավարությունը այս մասին պատշաճ կարգով կտեղեկացնի նաեւ ԿԳ նախարարությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում ուսանողները դասադուլ են անում, պնդում, որ միայն նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձի պարագայում կվերադառնան նորմալ դասապրոցեսին։

Ավանի քոլեջում դասադուլը շարունակվում է. Ուսանողները պնդում են, թե պայքարը քաղաքական ենթատեքստ չունի

Տպել
Ամենաշատ