News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Բուսաբանական այգու վարչական տարածքում 500 ծառեր չեն հատվել, ընդհակառակը 500 ծառ է տնկվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը՝ շեշտելով, որ ծառերի հատման եւ այնտեղ հարսանիքների կազմակերպման մասին լուրերն ապատեղեկատվություն է։

Նա հաստատեց, որ այգու մի մասը վարձակալության է հանձնված, որը սակայն կազմում է այգու չնչին մասը՝ ընդհամենը 0.1 տոկոսը, սակայն դա հնարավորություն կտա այգին ավելի բարեկարգ դարձնել՝ միաժամանակ չվնասելով այն։ 

«Ըստ պայամանագրի նշված է, որ լինելու են մշակութային, էկոկրթական միջոցառումներ, բաց դասական համերգներ, մանկական միջոցառումներ։ Տեղադրվելիք վրանը պատեր չունի, կա միայն ծածկ եւ հարթակ»,–նշեց Սահակ Վարդանյանը։

Անդրադառնալով հարսանիքներ կազմակերպելու մասին լուրերին՝ նա նշեց, որ միջոցառումների համար կան սահմանափակումներ. «Ամսվա մեջ կարող է մեկ անգամ հարսանիք լինել, բայց լինելու է ոչ թե բարձր երաժշտությամբ, խնջույքով տգեղ արարողություն, այլ ենթադրենք մեկ ժամ տեւողությամբ արարողություն, որ մարդիկ գան, գեղեցիկ նշեն եւ հեռանան։ Սակայն հիմնական նպատակը լինելու է սեմինարները, որ դրսից մարդիկ գան վերապատրաստման համար։  Ընդ որում՝ վրանը մշտապես չի լինելու, բացվելու եւ փակվելու է միջոցառման համար»։

Նա հայտնեց, որ վրանի տեղադրման պայմանագիրը կնքվել է  անհատ ձեռներեցի հետ, որը պարտավորվել է չորս ամիս անց այդ վրանը ապամոնտաժել:

Բուսաբանական այգու փոխտնօրենի կարծիքով համաշխարհային փորձն էլ վկայում է, որ կարելի է Բուսաբանական այգում անցկացնել զանազան միջոցառումներ. «Օրինակ, Բեռլինի Բուսաբանական այգին կարող է իրեն ռեստորան թույլ տալ, մեր ծրագրերում դեռ իհարկե չկան, դեռ շուտ է»։

Բուսաբանական այգու կարգապահության բաժնի վարիչ  Հովհաննիսյան Մարինեն էլ պատմեց իրենց ինստիտուտից՝ որպես գիտական կենտրոնի, որը պատկանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, ոչ թե քաղաքապետարանին։ «Մեր մոտ ծառ չի պակսել, խեղճացած են ամռանը, բայց չեն պակասել։ Ոչ մի տեսակ չենք կորցրել։ Աշխարհի տարբեր կողմերից թանկարժեք ծառեր են հավաքվել, երկու թանկարժեք հողամասեր ունենք, որտեղ հավաքված են Հայաստանի բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, որոնք գիտիական նպատակներով է ծառայում, գիտական փորձադաշտ է»,–նշեց նա։

Այգու կարգապահության բաժնի վարիչը, վկայակոչելով համաշխարհային պրակտիկան,  ոչ մի արտառոց բան չի տեսնում, երբ բուսաբանական այգիները միջոցառումների միջոցով փող են աշխատում։ Սակայն, նրա խոսքով, անցած տարի այգու աջակցության հիմնադրամ են ստեղծել, բայց մինչ օրս ոչ մի արդյունք չկա, փող չի ավելանում:

Բուսաբանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը անհեթեթ է համարում  բոլոր մեղադրանքները. «Բուսաբանական այգում ու ինստիտուտում աշխատում են մարդիկ, որոնք ամբողջ կյանքը նվիրել են ՀՀ բնության ուսումնասիրությանը, իսկ դա նշանակում է գիտական արշավներ, գիշերը բնության մեջ մնալ, ուստի անհեթեթ է այն մեղադրանքը, որ ինստիտուտի աշխատողը կարող է ծառ կտրել կամ վնասել»:

Նրա խոսքով՝ Ինստիտուտի կազմում ներառված են հմուտ փորձագետներ եւ համագործակցություն է ծավալվում օտարերկրյա գիտնականների հետ. «Արտասահմանյան  գիտնականները հիացած են այգու հավաքածուով, մեր հերբարումային նյութով, որը գտնվում է բուսաբանության ինստիտուտում։

Այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան նշեց, որ ստացված միջոցները ծառայելու են այգու բարեկարգմանը, բանվորների վարձատրությանը, դրա ոռոգմանը. «Եթե հիմա այգի այցելեք, կտեսնեք՝ ինչ լավ վիճակում է այն, որովհետեւ բավարար ջուր կա, իսկ մեկ ամիս անց՝ հուլիսից, այդ գեղեցկությունը սկսում է նվազել, որովհետեւ ջուրը նվազում է, եւ դրա պատճառը ոչ թե միայն համակարգի մաշվածությունն է պատճառը, այլեւ այն, որ ջուր չի մտնում այգի»:

Տպել
Partner news