News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 2011-ի հունիսի խորհրդարանական ընտրություններում 50 տարի անց կրկին  պայքարի մեջ կմտնեն պատգամավորի  հայ թեկնածուներ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:

«Ակոս»-ի գլխավոր խմբագիրն անդրադառնալով Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նշեց, թե  խոսակցություններ կան, թե  այդ ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրվելու: «Ստամբուլի երեք ընտրատարածքներից մեկում, որտեղ ապրող հայերը մեծ թիվ են կազմում, հնարավոր է մեծամասնական կարգով անկախ պատգամավորի հայ թեկնածու առաջադրվի: Անունները դեռ հստակ չեն, եւ ամեն ինչ հստակ դառնալու դեպքում այդ մասին կհայտարարվի»,-նշեց Ռոբեր Քոփթաշը:

Ըստ «Ակոս»-ի գլխավոր խմբագրի՝ Էրդողանը պատրաստվում է իր կուսակցության կողմից եւս պատգամավորի հայ թեկնածուներ առաջադրել՝ փորձելով ցույց տալ իր ուշադրությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ ավել քվեներ ստանալ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողված փորձին, Ռոբեր Քոփթաշը հույս հայտնեց, որ այն 2011-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո կվերսկսվի: «Թուրքական իշխանությունները չէին սպասում, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը նման բուռն հակազդեցություն առաջ կբերի Ադրբեջանի եւ թուրք ազգայնականների մոտ:  Սա տեսնելով, Էրդողանն ընթացք չտվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ նրա համար շատ կարեւոր է ներքին քաղաքական իրավիճակը եւ իր կուսակցության վարկանիշը»,-շեշտեց «Ակոս»-ի խմբագիրը:

Ռոբեր Քոփթաշն անտեղի համարեց միտքը, թե Էրդողանը Թուրքիան տանում է իսլամացման ճանապարհով: «Ոչ, նման բան հնարավոր չէ: Ալկոհոլի օգտագործման սահմանափակման մասին նրա վերջին հայտարարությունների պես հայտարարություններ ամբողջ աշխարհում էլ հնչում են:  Դուք Ստամբուլի փողոցներում շրջել եւ տեսել եք, թե ինչպես են հագնվում եւ ապրում այսօրվա թուրքերը, այնպես որ վերադարձը իսլամին՝ հավանական չէ: Էրդողանը քաջ գիտակցում է դա եւ չի դիմի նման քայլի»,-ընգծեց Ռոբեր Քոփթաշը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ