News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մտադիր է ստեղծել որեւէ խումբ կամ հանձնաժողով, որը կքննի, կքննարկի Ամուլսարի հանքի շահագործման հարցը ավելի մանրամասն խորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհարագրագետ Լեւոն Գալստյանը` նշելով, որ այս մասին ասել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` Ամուլսարի շահագործմանը դեմ եւ հանք տանող ճանապարհները փակած ցուցարարների հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ փոխվարչապետը խոստացել է նաեւ տեսչական ստուգումներ անցկացնել Ամուլսարում:

Լեւոն Գալստյանի խոսքով «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը մի քանի օր առաջ իր դիրքորոշումը հայտնել էր շանտաժի եւ սպառնալիքների տոնով, այդ իսկ պատճառով իրենց այլեւս չի հետաքրքրում ընկերության դիրքորոշումը, իրենց միայն հետաքրքրում է  Հայաստանի բնության պահպանումը:

«Իրենց միայն ներդրումներն են հետաքրքրում: Երբ որ բնությունը քանդելու, ոչնչացնելու, ջրերն աղտոտելու համար սարքավորումներ են ներկրում եւ դրա համար փող են վճարում, դա ներդրում չի: Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները, դա ապացուցված փաստ է, այդքանը միայն բավական է, որ հանքավայրը չշահագործվի, քանի որ վտանգվում է Որոտան մտնող գետերը, Կեչուտի ջրամբարը, Ջերմուկի հանքային ջրերը եւ ի վերջո Որոտան- Արփա ջրատարով նաեւ Սեւանա լիճը»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են վերաբերում այն փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունը կապում են «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Լեւոն Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք այս հարցով դիմել են նախագահին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

Մասնավորապես նախագահին ուղղված նամակում նրանք հետեւյալ պարզաբանումներն են պահանջել նախագահից. ի՞նչ շարժառիթներով եք 2013թ․ դարձել «Լիդիան Ինթերնեշընըլ»- տնօրենների խորհրդի անդամ, որ բաժնետերերն են առաջադրել ձեր թեկնածությունը, եւ ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից:

Նշենք, որ  բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի  ոսկու  հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը եւ այն պետք է դադարեցվի:

Տպել
Ամենաշատ