Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի. հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ով Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերն է։
«Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Եթե Մանվելն իրա ընկերոջ՝ իմ ասածը լսեր, կա՛մ դա կբաժաներ երկրապահի սոված ժողովրդին, կա՛մ գոնե կթափեր: Հիմա իրա վատն էն ա, որ հա՛մ աստվածն ա պատժում, հա՛մ դատախազը։ Ո՞նց կարայի ես ըտենց բանից տեղյակ լինեի, էտի աշխարհի ամենավատ բանն ա»,- ասաց Սարոյանը։
Լրագրողների ճշտող հարցին՝ ինքը տեղյակ չի՞ եղել Մանվել Գրիգորյանի գործողություններին, Սարոյանն ասաց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ ինքը եղել Քարվաճառում, Մանվել Գրիգորյանը՝ Հորադիզում. «Այսինքն՝ ես մի ծերում էի, ինքը՝ մյուս։ Հերոսից դարձավ «տուշոնկա» գողցող»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Սեյրան Սարոյանի խոսքով՝ տեղի ունեցածը խայտառակություն է, իսկ ինքը տեղյակ չի եղել Գրիգորյանի պահեստների պարունակությունից. «Ես մտածում եմ՝ ինքն իմ երեսին ո՞նց է նայելու, էնպիսի երդումներ է կերել։ Զենք ա, բոլորս էլ կարանք ունենանք, բայց էն երեխեքի հացը... Երեկվանից գիտե՞ք ինչ շոկի մեջ եմ։ Էն երեխեքի նամակները, որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։ Էնքան վատ եմ եղել, բժիշկները մոտիցս չէին գնում։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի։ Ի՞նչ չուներ ինքը, ի՞նչն էր պակաս: Ինչի՞ գողանալ, պետությունն ամեն ինչ տվել է, ինձ էլ հորս գործարանը, իրեն՝ հացի փուռ, շուկա, ամեն ինչ տվել է, ինչի էս պետությունը թողել էր մեզ սովա՞ծ, որ գնանք «տուշոնկա» գողանանք»։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե նախաքննության ընթացքում վերականգնելու է իր պատիվը, Սեյրան Սարոյանն ասաց. «Ի՞նչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք: Ի՞նչ պատիվ: Նամակները տեսնելուց հետո... Հիմա թող իրան ճղի, ասի՝ էդ «տուշոնկեն» էս կամ էն ճանապարհով է մեր տուն եկել, էլ չի փրկի ոչ մի բան։ Մթոմ էնքան ուտելիք կար առաջին գծում, որ էս ուտելիքն էլ պահել ա՞։ Ո՞վ կմտածեր, որ էդ մարդն էդքան կցածրանա, կգնա էտ երեխեքի «տուշոնկեքը» կտանի»:
Հարցին, թե իր խոսքից ակնհայտ է, որ չի կասկածում, թե Մանվել Գրիգորյանը յուրացրել է սնունդը, Սարոյանն ասաց. «Էտ ի՞նչ էր, մի հատ «պիստալետ», բերին քցին ջեբը, հա՞։ Հերս էլ լինի, ճիշտը պիտի ասեմ»։
Նա նաեւ բացառեց շփումը իր երբեմնի մտերիմ ընկերոջ հետ՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի արարքից հետո չի կարող այլեւս շփում ունենալ. «Ո՞նց շփվեմ դրա հետ, էթամ ասեմ՝ այ «տուշոնկա»... էդքան ցածր մարդ ե՞մ։ Ինչ ուզում են՝ թող անեն, ինձ էլ չի հետաքրքրում»։
Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)