News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն Ընտրական օրենսգրքի փոփոխություններից մեկ տարի անց անցկացնելու՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունն իմպերատիվ պահանջ չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասին խոսելիս մշտապես հղում է անում Վենետիկի հանձնաժողովի այդ առաջարկին, իսկ դա նշանակում է, որ ընտրությունները մոտավորապես  կանցկացվեն  2019 թվականի սեպտեմբերին։ Կառավարության ծրագրով էլ ամրագրված է, որ արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել ծրագիրը հաստատելուց հետո  մինչեւ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ գալիք տարվա գարնանը։ Ընտրական օրենսգքրի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները կսկսվեն հուլիսի 4-ից, նախատեսվում է դրանք ավարտին հասցնել ամառվա վերջին։

Այսօր կայացած Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանում, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նշել է, որ կարեւոր է, որպեսզի ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` թափանցիկ եւ ներառական ձեւով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար. եւ որպեսզի կուսակցություններն Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ՝ ընտրություններին նախապատրաստվելու եւ մասնակցելու համար: 

Նաիրա Զոհրաբյանի հավաստմամբ՝ «բավարար ժամկետ» ձեւակերպումը  չի նշանակում, որ մեկ տարի անց կազմակերպելու առաջարկը պետք է ընդունել որպես պարտադրանք, հատկապես, երբ մեր երկրում ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ է, եւ խորհրդարանը չի արտահայտում հանրային տրամադրությունը։  Զոհրաբյանը հիշեցրեց, որ նույն հանձնաժողովը դեմ էր ընտրական ցուցակների հրապարակմանը, բայց ՀՀ Ընտրական օրենսգրգում այն տեղ գտավ՝ հաշվի առնելով  Հայաստանի նախկին իշխանության կիրառած ընտրակեղծարարության մեխանիզմները։

«Վենետիկի հանձնաժողովի մեկ տարվա ժամկետն իմպերատիվ պահանջ չէ։ Վենետիկի հանձնաժողովն ընդամենը առաջարկում է, որ լավ կլինի՝ այդպես լինի, նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ Վենետիկի հանձնաժողովի կանոններով՝ ընտրական ցուցակների հրապարակումը կատեգորիկ արգելվում է, բայց մենք բացատրել ենք մեր երկրի ընտրակեղծարարության շկոլան, եւ նրանք համաձայնեցին, որ ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները հրապարակեն, ինչը հակասում էր Վենետիկի հանձնաժողովի պահանջին։ Նորից եմ ասում՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունը պարտադրանքի ուժ չունի, այնպես որ՝ մենք հարգում ենք միջազգային մեր գործընկերների առաջարկությունները, բայց  մենք պետք է ելնենք մեր երկրում ստեղծված իրավիճակից»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ  հապճեպ ընտրություններ անցկացնելուն էլ է դեմ, սակայն ձգձգելն էլ ճիշտ չէ, քանի որ գործող խորհրդարանը չի արտահայտում հանրության պահանջը. «Մենք իսկապես բավարար ժամանակ պետք է ունենանք ընտրական գործընթացին պատրաստվելու համար։ Այս պահին ես ժամկետ չեմ կարող նշել»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա  Նազարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում շեշտեց, որ իրենց համար կարեւորն այն է, որպեսզի ընտրություններին պատրաստվելու համար  բոլոր քաղաքական ուժերի համար բավարար ժամանակ լինի։  Նրա խոսքով՝ այս ընտրությունները պետք է անցկացվեն ժողովրդավարության տառին համապատասխան, եւ չպետք է կրկնվեն նախկին ընտրախախտումները։ Լենա Նազարյանը եւս դժվարացավ հստակ ժամկետներ նշել։ Ամեն դեպքում՝ քննարկվում է երկու տարբերակ՝ այս տարվա աշուն կամ հաջորդ տարվա գարուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ