News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատում է օրական 14-16 ժամ, կրում կնոջ նվիրած 200-դոլարանոց ժամացույցը եւ վարչապետի պաշտոնում իր լինելը պարզապես աշխատանք է համարում: Ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովի հետ զրույցում նա պատմել է, որ ոչ մի դրամատիկ զգացում չի ունեցել՝ մտնելով Կարեն Կարապետյանի լքած կաբինետ: «Ո՛չ այս գրասենյակում, ապա՝ այլ, ո՛չ այս պաշտոնում, ապա՝ այլ: Դրամատիկ ոչինչ չեմ զգում»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատասենյակում նույնիսկ ոչ մի բան չի փոխել նախկին վարչապետից հետո, պարզապես եկել է ու սկսել աշխատել:

Ալեքսեյ Ռոմանովը վարչապետին դիմավորել է առավոտյան կառավարական ամառանոցի մոտ, որտեղ նա հիմա բնակվում է, եւ նրա հետ միասին մարզադահլիճ է գնացել, իսկ հետո աշխատանքի:

Լրագրողի զարմանքն է հարուցել այն փաստը, որ վարչապետի ավտոշարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ: Վարչապետի խոսքով՝ նախկինում նման պրակտիկա եղել է, բայց ինքը անվտանգության աշխատակիցներին խնդրել է այդպիսի բան չանել: «Ես կարծում եմ, որ դա այլ մարդկանց համար շատ անհարմար է»,- ասել է նա:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ մարզաշապիկը կոստյումով փոխարինելու, աշխատավարձի, ժամացույցի եւ հեռախոսի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախկինում էլ է կոստյում հագել, երբ պատգամավոր էր, իսկ Պուտինի հետ հանդիպմանը գնացել է իր հին կոստյումով:

Հարցին՝ ինչպե՞ս է լուծվում ղեկավարների հագուստի հարցը, Փաշինյանը պատասխանել է, որ հայկական չափանիշներով իր աշխատավարձը մեծ է: «Ես բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում եւ թանկարժեք հագուստ չեմ հագնում: Հայկական չափանիշներով մեծ աշխատավարձ է: 2 հազար դոլարից մի փոքր ավելի»,- ասել է նա՝ հավելելով, որ նաեւ մոտ 7 հազար դոլարի հոնորար կստանա՝ 10 տարի առաջ ընդհատակում գրած գրքի համար:

Վարչապետը նշել է, որ իր թիմի տղաների աշխատավարձը մեծ չէ, սակայն նրանք նախ պետք է մեծացնեն բյուջեի եկամուտները, մտահոգվեն Հայաստանի քաղաքացիների աշխատավարձի մասին եւ միայն հետո՝ իրենց աշխատավարձի մասին:

Ժամացույցի արժեքի մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ այն 3 տարի առաջ իրեն կինն է նվիրել տարեդարձի օրը, այն, ավելի շուտ, 200 դոլար արժե: Եվ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ինքը նույն ժամացույցով էր: «Իսկ ի՞նչ կարիք կա ժամացույցը փոխելու, դրանք մոտավոր ցույց են տալիս ժամը քանիսն է, ես ժամը ստուգում եմ հեռախոսով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, որպես լրագրող, ինքն իրեն ինչի՞ համար կքննադատեր, նա հրաժարվեց պատասխանել, իսկ սենսացիա հրապարակելու խնդրանքին ասաց, որ իրեն դեռեւս ոչ մի բան չեն զեկուցել:

«Կարծում եմ, որ առանց ինձ էլ, հիմա Հայաստանում սենսացիայի պակաս չկա: Ես ոչ մի նորություն չունեմ, ինձ դեռեւս չեն զեկուցել»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ