News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր հասարակությանը հուղող հարցերից մեկն այն է, թե երբ են տեղի ունենալու Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները եւ որքան է տեւելու նախընտրական քարոզչությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ից, Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից, իսկ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Եթե կառավարությունը որոշի հուլիսի 16-ից սկսած երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո անմիջապես կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, ապա ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի առաջին տասնօրյակում, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նչպես նշում են փորձագետները, օրենքը չի սահմանում հստակ ժամկետ, թե երբ է կառավարությունը կրճատում ավագանու լիազորությունները եւ նշանակում նոր ընտրություններ:

Սա նշանակում է, որ միայն ավագանու լիազորությունները կառավարության կողմից կրճատելուց հետո կարելի կլինի հստակ ասել, թե երբ տեղի կունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Եթե, կառավարությունը որոշի ավագանու լիազորությունները կրճատել, ասենք, օգոստոսի վերջին, ապա ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

Ինչ վերաբերում է ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերին, ապա Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է, որ արտահերթ ընտրությունների դեպքում նրանք իրենց փաստաթղթերը, ընտրական ցուցակները ԿԸՀ պետք է ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն։

Դրանից հետո եւս 5 օր հատկացվում է այդ կուսակցությունների ընտրական ցուցակները ԿԸՀ-ի կողմից գրանցելու համար:

Կուսակցությունների ցուցակները գրանցելուց 7 օր հետո մեկնարկում է քարոզարշավը, ու ստացվում է, որ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քարոզարշավը տեւում է ընդամենը 12 օր, մինչդեռ հերթական ընտրության դեպքում քարոզարշավը տեւում է 22 օր:

Հատկանշական է, որ Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, եթե Երեւանի ավագանու ընտրությունները քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է մեկ շաբաթով: Այսինքն տեսակետները, թե կառավարությունը ցանկանում է երկու ընտրությունները նույն օրը կազմակերպել, հակասում են օրենսդրությանը:

Նշենք, որ եթե Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում երեք ուժ, ապա բոլոր երեքն էլ անցնցում են ավագանի, սակայն, եթե մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի թիվը 3-ից ավելի է, ապա գործում է 6 տոկոսանոց անցողիկ շեմի սկզբունքը: Այսինքն քաղաքական ուժերը ավագանի անցնելու համար պետք է հաղթահարեն 6-տոկոսանոց շեմը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում:

Տպել
Ամենաշատ