Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանի ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ անցկացվող ակցիան այսօր՝ հուլիսի 20-ին ավարտվեց: Ակցիայի մասնակիցները խնդիրը չլուծվելու դեպքում խոստացան կրկին վերադառնալ եւ ակցիա անցկացնել:
«Մենք գնալու ենք շատ խիստ միջոցների, որպեսզի պաշտպանենք Արթուր Մովսիսյանին: Հարգելի´ քաղաքացիներ, մենք այսօր չէինք պլանավորել փակել դատարանի մուտքը, մեզ դա դատարանը ստիպեց: Մենք մի շարք դեպքերում տեսել ենք, երբ որ նման վիճահարույց խնդիրների լուծման ժամանակ դատարանի ներկայացուցիչենրը մոտենում են քաղաքացիներին եւ տալիս են քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանը: Սակայն այսօր՝ Արթուր Մովսիսյանի պարագայում որեւէիցե մեկը չիջավ եւ չհանդիպեց մեզ հետ: Որեւիցե մեկը ուշադրություն չդարձրեց այն հարցին, որ մարդը բացարձակ անրադարացիորեն գտնվում է անազատության մեջ եւ հացադուլում: Մենք դատարանին ցույց տվեցինք, հայտնեցինք, որ Արթուր Մովսիսյանի հարցը չլուծվի, պատրաստ ենք ավելի խիստ միջոցների եւ ուղղակի դատավորները չեն կարողանա մտնել շենք: Մենք այսօր ավարտում ենք պիկետը եւ շատ կարճ ժամանակում կրկին այստեղ կհավաքվենք»,- հայտարարեց ակցիայի մասնակից Գեւորգ Սաֆարյանը:
Նշենք, որ Արթուր Մովսիսյանն ունի առողջական խնդիրներ եւ վիրահատության կարիք ունի:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը ձերբակալվել է Մոսկվայում և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ այս գործով մյուս դատապարտյալներն ազատության մեջ են, իսկ գործի անջատված մասով անցնող 3 տարվա ազատազրկաման դատապարտված Արթուր Մովսիսյանը՝ ոչ։











