Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ)։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,–ասացին ՔԿ–ից։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ իրտրամադրության տակ է հայտնվել տեսանյութը, որտեղ Սիսիանում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինն ապտակել է 6-ամյա տղային։

Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։

Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։