News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում տոքսիկ ջրիմուռների առատությունը մտահոգության ալիք է բարձրացրել: Օրերս հրապարակված տեսանյութում երեւում էր, ինչպես է ջուրը կանաչ գույն ստացել, ինչն անհանգստացրել է բազմաթիվ բնասերների, բնապահպանների, գիտնականների եւ հասարակության լայն շերտերի:

Այս երեւույթի վտանգավորության եւ վնասակարության, ինչպես նաեւ Սեւանա լճի «ճահճանալու» մասին քննարկումները դեռ չեն դադարում: Թեմայի շուրջ EcoNews.am-ը  զրուցել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանի հետ, ով ասել է. «Հիմնականում խնդիրն այն է, որ այս տարի բարձրացել է ջրի ջերմաստիճանը եւ ավելացել են կենսածին տարրերը, մասնավորապես՝ ֆոսֆորը: Այսօրվա դրությամբ անհանգստություն կա, որ էկոհամակարգն ահազանգել է, որ պետք է ավելի լուրջ մոտենալ Սեւանի հիմնախնդիրներին: սա ահազանգ է լճի կողմից, որ խնդիրներն ավելի խորքային է անհրաժեշտ ուսումնասիրել»:

Նա նշել է, որ ջրիմուռները թունավոր են, բայց դա չի նշանակում, որ դրանք թույն են արտադրում եւ մարդիկ մտնելով ջուրը թունավորվելու են. «Այս երեւույթն ամեն տարի լինում է, ուղղակի այս տարի ավելի շատ է եղել: Եթե դրանք կուտակվում են, կարող են ազդել, բայց դրանք շուտով մահանալու են՝ 1-2 շաբաթից լրիվ կմահանա, կիջնի, ջուրը կմաքրվի: Դրանք ձկների վրա չեն ազդում, կարող են ուղղակի ձկների մեջ կուտակվել, իսկ հետո, եթե մարդը շատ ուտի, էլի կարող է թունավորվել: Հիմնական պատճառը ջրի ջերմաստիճանի բարձրացումն է եւ ջրում հիմնականում ֆոսֆորի ավելացումը, որովհետեւ նորմալ չեն մաքրել, ջրահավաք ավազանից այդ ամբողջ զանգվածը քաղաքներից, կոյուղիներից լցվում է լճի մեջ եւ ավելանում է, պարզ է»:

Խնդրի առնչությամբ Բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ «Սեւան» ազգային պարկի համապատասխան մասնագետները, դեռեւս հուլիսի սկզբին կանխատեսել էին լճի առափնյա հատվածներում, խորշերում, ինչպես նաեւ վատ ջրափոխության հատվածներում (ծանծաղուտներում եւ այլն) ջրի լայնածավալ «ծաղկման» պրոցեսներ, ինչն այդ հատվածներում կարող է հանգեցնել ջրի որակի վատթարացման։

Արդյունքում լճի այդ հատվածներում դիտարկվել են ջրի գույնի փոփոխություն (դեղնականաչավուն, կանաչավուն, կանաչաշագանակագույն), որն արտառոց բնույթ չի կրում եւ իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում։ Նշված երեւույթը կարող է տեւել մինչեւ 2 շաբաթ, իսկ հաջորդ փուլը կարող է դիտարկվել նաեւ օգոստոսի 2-րդ կեսին։ Նշված երեւույթը բնականոն գործընթաց է ո՛չ լճի էկոհամակարգի, եւ ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում»:

«Սեւանի» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանից ճշտեցինք, թե ինչպիսին է այժմ իրավիճակը լճում. «Տարածվածությունը շատ էր, մի քանի օր առաջ նաեւ տիեզերական լուսանկար արվեց, որի վրա ջրիմուռների բավական մեծ ծավալ էր երեւում, բայց նաեւ լուսանկարում երեւում էր կալցիումի իոնների կախույթը, որը սառը եւ տաք ջրերի հանդիպման եւ խառնման արդյունքում է լինում: Դա հստակ երեւում էր տիեզերական լուսանկարի վրա՝ ինֆրոկարմիր սպեկտրով:

Ներկայումս պրոցեսը դիտարկվում է միայն խորշերում, ծանծաղուտներում եւ այն հատվածներում, որտեղ ջրափոխություն կամ ջրաշարժ չկա: Օրինակ՝ հանրային լողափներում ի սպառ վերացել է, չկա:

Երեւույթը հատկապես նկատելի էր Շորժայի հատվածում, որը մեծ Սեւանի տարածքն է, ծավալն էլ կապված է եղել քամիների ուղղության հետ: Ասեմ, որ սա «ծաղկում» չէ, չպետք է շփոթել: Սա ուղղակի կապտականաչ ջրիմուռների բուռն զարգացման հետեւանք է: Ծաղկումը լճի լինոհամակարգերի ծերացման դասական օրինակ է: Ծաղկումն այն երեւույթն է, երբ արեւի ճառագայթները հասնում են հատակին եւ պրոցեսները գնում են ավելի խորքային մակարդակով: Իսկ մենք գիտենք, որ Սեւանա լճում դա հնարավոր չէ»:

Անդրադառնալով առաջացած ջրիմուռների մեծ ծավալների մաքրման աշխատանքներին, Վահե Գուլանյանն ասաց. «Այս դեպքում, նախ, մաքրման աշխատանքներ կատարելու մեխանիզմ չկա, այսպես ասած: Սա հնարավոր չէ մաքրել, որովհետեւ սրանք միաբջիջ կենդանիներ են: Քննարկվում է Սեւանա լճում նման երեւույթի առաջացման եւս մեկ վարկած. կենսածին տարրերի քանակի ավելացում»:

Տպել
Partner news