News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Sevan Startup Summit-ը միջազգային աստիճանի է հասել: Հուլիսի 22-ին Սեւանա լճի ափի վրանային քաղաքում միջացառումը հավաքել է ստարտափերի հեղինակներին եւ աշխարհի 35 երկրների մասնակիցներին: Seaside Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը հիշում է, որ դեռ անցյալ տարի կազմակերպիչները ուրախանում էին, որ հայ ստարտափերը եւ ներդրողները հետաքրքրվում են իրենց միջոցառումով եւ ցանկություն հայտնում մասնակցել դրան (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Ռափյանը պատմել է, որ այս տարի վրանային ճամբարում ապրում է Summit-ի ավելի քան 800 մասնակից, սակայն օրվա ընթացքում նրանց այցելում են հարյուրավոր հյուրեր, մենթորներ, դասախոսներ եւ ներդրողներ, այդ պատճառով ցերեկը ճամբարում առնվազն 1500 մարդ է լինում:

«Մեր հաշվարկներով այս տարի գագաթաժողովին ավելի քան 5000 մարդ կլինի», - նշել է Ռափյանը:

Այս տարի գագաթաժողովում հայկական ստարտափերը քիչ չեն. այստեղ եւˊ գրքերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն ուղղված նախագծի վրա աշխատողներ կան եւ երիտասարդ աղջիկներ, որոնց նախագիծը կօգնի աուտիզմով երեխաների ծնողների կյանքը հեշտացնել եւˊ ռոբոտներ հավաքող դեռահասներ եւˊ շատ ուրիշներ:

Քիչ չեն նաեւ մասնակիցներն Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Բելառուսից, ինչպես նաեւ ավելի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Կանադան եւ Ավստրալիան:

Ավստրալիայում, ի դեպ, Seaside Startup Summit նախագծի շրջանակներում 2019-ին կանցկացվի հաջորդ միջոցառումը, ասել է գագաթաժողովի պրոդյուսեր, համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:

Այս տարվա սկզբին միջազգային աստիճանի հասած Seaside Startup Summit-ը անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում (Ռաս էլ Խայմա) եւ Հնդկաստանում (Գոա), իսկ  ներկայիս գագաթաժողովը որոշակի իմաստով երկու միջոցառումների ընդհանրացումն է:

Գագաթաժողովը մեծ ապագա ունի, վստահ է Արթուր Ջանիբեկյանը. այս տարի այստեղ ՏՏ ոլորտից արդեն ավելի քան 1000 մասնագետներ կան  եւ ամեն տարի նրանց թիվն աճելու է, իսկ գագաթաժողովի աշխարհագրությունն ընդլայնվելու է:

Այս տարի գագաթաժողովի մրցանակային հիմնադրամը չի փոխվել. 13 մրցույթների եւ «բիգ բեթլի» համար հատկացվել է մոտ 50 հազար դոլար: Բայց կա նաեւ հետաքրքիր նորամուծություն. գագաթաժողովի հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորման կարիք ունեցող 2 կամ 3 հեռանկարային ստարտափերում 100 հազար դոլարի ներդրում կատարել:

Քանի որ դրամաշնորհները միշտ չէ, որ ծառայում են իրենց նպատակներին, գագաթաժողովի կազմակերպիչները որոշել են, որ ուղղակի ներդրումները եւ մենթորների օգնությունը ավելի շատ կնպաստեն այդ նախագծերի զարգացմանը:

Հիշեցնենք, որ  Sevan Startup Summit 2018-ը հուլիսի 22-29-ը անցկացվում է Սեւանի ափին: Գագաթաժողովը նպատակ ունի ստարտափերի եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիներ ստեղծել. այստեղ կան ավելի քան 120 նոր ստարտափեր, եւ նրանց համար շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են բազմաթիվ դասընթացներ, դասախոսություններ եւ մրցույթներ: Կլինեն նաեւ ներդրողներ, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ