Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ այսուհետ անձամբ է ղեկավարելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունները: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով The Independent-ը:
«Ես գլխավորելու եմ ԵՄ-ից դուրս գալու հարցով բանակցությունները, իսկ այդ հարցով նախարարը հանդես կգա որպես իմ ներկայացուցիչ»,- ասված է Մեյի հայտարարությունում:
Վարչապետը նշել է, որ Brexit-ի հարցով նախարարությունը կշարունակի ղեկավարել ԵՄ-ից բրիտանական կառավարության դուրս գալու նախապատրաստությունը: Այդ կապակցությամբ նախարարությունը նոր աշխատակիցների կընդունի, գերատեսչության կազմում կընդգրկվեն նաեւ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի քարտուղարության մի շարք աշխատակիցներ:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու գործընթացը պաշտոնապես ավարտելու է 2019 թվականի մարտի 29-ին: