News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել: Շարքային Ժորա Պետրոսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեմքի շրջանում: Քրեական գործ է հարուցվել, երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար արդեն քննություն է տարվում: Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ Պետրոսյանը զոհվել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն Արցախի պաշտպանության նախարարը հանգիստ է գնահատում: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակը՝ Լեւոն Մնացականյանն ասել է, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազել են, բայց նաեւ չի բացառել իրադրության սրման հավանականությունը: Փոխարենն ադրբեջանցիներն ակտիվացրել են հետախուզական գործողությունները, հատկապես՝ անօդաչուների կիրառմամբ, զորավարժություններ են անցկացրել, ռազմական շքերթ Բաքվում. հայկական կողմը հետեւել է այս ամենին եւ վերահսկել: Անդրադառնալով ադրբեջանական բանակի սպառազինության համալրման մասին հարցին՝ Լեւոն Մնացականյանը վստահեցրել է, որ Պաշտպանության բանակն ապահովված է դրանց համարժեք բոլոր զինատեսակներով:

Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Տոնոյանի որդիները, ինչպես հայտնի է, ծառայության են մեկնել Արցախ: Լեւոն Մնացականյանն ասում է՝ պատրաստված տղաներ են, ծառայում են պատասխանատվության բարձր գիտակցությամբ:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տանն ու ամառանոցում խուզարկության ընթացքում հայտնաբերված մեքենաներին. Արցախի պաշտպանության նախարարն ասել է՝ դրանք նվիրաբերվել են ԵԿՄ-ին: Իսկ պաշտպանության բանակին ուղարկված բոլոր մեքենաները, Մնացականյանի հավաստմամբ, իրենց հաշվեկշռում են:

Գեներալ Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Որոշումն այսօր կայացրել է Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասել է, որ Facebook-ում հարցման միջոցով փորձել են պարզել էջմիածինցիների կարծիքը, սակայն դժվար է եղել հասկանալ, թե հարցման մասնակիցների ո՞ր հատվածն է Էջմիածնից: Մասնագիտությամբ իրավաբան Գասպարյանը շեշտել է, որ թե՛ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը, թե՛ դրանից զրկելն իրավական հետեւանքներ չի ենթադրում: Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, կալանավորված է: ԱԱԾ-ն նրա տանն ու ամառանոցում խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, թանկարժեք մեքենաներ, ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդ եւ շտապօգնության մեքենա էր հայտնաբերել:

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 1 մլրդ դրամը վճարվել է. նա ազատ է արձակվել կալանքից: Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով գրավի գումարը սահմանել էր Վերաքննիչ դատարանը: Փաստաբանն ասում է՝ Վաչագան Ղազարյանը դեռ գործով ցուցմունք չի տվել, միայն որոշ բացատրություններ է տվել. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու մեջ: Ձերբակալման պահին նրա մոտ, հետագայում՝ նաեւ տանն ու ավտոտնակում խուզարկությունների ժամանակ մեծ քանակությամբ գումար է հայտաբերվել եւ առգրավվել:

Երեւանում դատավորի տուն են թալանել: Անհայտ անձը կամ անձինք 37-ամյա Սերգեյ Մարաբյանի բնակարանից ոսկյա եւ արծաթյա զարդեր են գողացել: Նախնական տեղեկություններով՝ գողոնը մի քանի միլիոն դրամի է հասնում: Մարաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում. դրանք արդեն բնակելի թաղամասերի են հասել: Հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 74-ի, շուրջ 160 մարդ տուժել է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածների թվում շատ երեխաներ կան: Մայրաքաղաք Աթենքի մերձակա Ատիկեում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նշենք, որ Հունաստանում անոմալ շոգ եղանակ է, որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է +40 աստիճանի:

Հունաստանում Հայաստանի դեսպանատանը թեժ գիծ է գործում՝ հրդեհներից տուժած Հայաստանի քաղաքացիներին օգնելու նպատակով: Դեսպանատնից, միաժամանակ, հայտնել են, որ տուժածների թվում հայաստանցիներ չկան:

Երեկվա արժեւորումից հետո դոլարն ու եվրոն այսօր աննշան էժանացել են: Հուլիսի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 66 լումա, ֆունտինը՝ 630 դրամ:

Հուլիսի 25-28-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ