Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, հետաձգվեց մինչև մոտ ժամը 1:30-ը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու հետ կապված. «Ես եւ պարոն Խուդոյանը նոր ենք ներգրավվել։ Մյուս պաշտպանը՝ Ռուբեն Սահակյանը, ծանուցվել է նիստից երեւի կես ժամ առաջ։ Պարզ չէ՝ որն է հապճեպության պատճառը, գիշերով նիստ անելու հարցը։ Հիմա կփորձենք պարոն Քոչարյանին ծանուցել»,- ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս չի խուսափել հարցաքննությունից: «Մարդն այսօր եղել է հարցաքննության, եթե խնդիր կար, որ այդ մարդը կարող է փախչել, ապա ձերբակալելու հնարավորություն կար, չնայած գտնում ենք, որ դա կլիներ ապօրինի։ Ու մեկ էլ հանկարծ գիշերը կալանավորելու հարցով նիստ է արվում»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ներկայացված մեղադրանքին, Օրբելյանը չցանկացավ դեռ գնահատական հնչեցնել, քանի որ դեռ պետք է խորհրդակցեն մյուս փաստաբանների հետ եւ գուցե ասուլիսով հանդես գան. «Այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են, վերաբերում են տվյալ անձին որպես նախագահ գործողությունների հետ։ Եթե պատկերացնենք, որ իր պարտականությունների խախտումը, իրավասության վերազանցումը իր լիազորություններից դուրս է, այդ դեպքում անձեռնմխելիություն կարելի է չտալ։ Եթե որեւէ բան չի վերազանցել, որեւէ հանցագործություն չի կատարել, ապա քրեական հետապնդման ենթարկվելու խնդիր էլ չի կարող լինել։ Մենք գտնում ենք, որ անձեռնմխելիության մասով հետապնդումն ապօրինի է»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այսօր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան։
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Այս ի՞նչ ենք անում, սա ռումբ է՝ դրված պետականության տակ. Ռոբերտ Քոչարյանն՝ իր մեղադրանքի մասին
- Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ. Ռոբերտ Քոչարյան
- Փորձում են պատմությունը վերափոխել. ամբողջը շուռ տալ. Ռոբերտ Քոչարյան











