News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետեւել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:

Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետեւ անցել օրակարգային հարցերին: Նիստի ընթացքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի եւ մաքսային համագործակցությանը, ինչպես նաեւ ԵՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաեւ Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված հարցեր:

Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության եւ արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին հյուրընկալության եւ այսօրվա հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաեւ Տիգրան Սուրենի Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար:

Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաեւ անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Նեղ կազմով նիստի ընթացքում մենք արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ ենք փոխանակել: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Կարճ կանդրադառնամ այսօրվա նիստի որոշ հարցերին:

Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵՏՄ-ի համար: Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար:

Ապակենտրոնացումն ու բոլոր անդամ երկրների համար հավասար հնարավորությունների պահպանումը, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության մոնիտորինգը, երկրների իրավական առանձնահատկությունները հաշվի առնելն ու մյուս սկզբունքները, մեր կարծիքով, թույլ կտան հասնել սպասված արդյունքների: Դրան կնպաստի նաեւ մեր երկրներում առկա տնտեսական իրողություններով ու տեղեկատվական անվտանգության հարցերով պայմանավորված քայլերի հաջորդականության ու միջոցառումների ընտրությունը:

Այս համատեքստում խիստ օգտակար է անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին:

Օրինակ, Հայաստանում արդեն ձեւավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետեւելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձեւավորումը եւ այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը եւ այլն:

Ցանկանում եմ նաեւ նշել, որ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, որը կայանալու է Երեւանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 300-ի:

Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլեւ փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ:

Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար:

Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով ցանկանում եմ նշել, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի: Դրա հետ կապված կարեւոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձեւավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները:

Եզրափակելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետեւողական զարգացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՄ-ի հետ համաձայնագիրը Սերբիայի համար նոր հնարավորություններ կստեղծի. Մատվիենկո
«Մեր հարաբերությունների ընդլայնման համար նոր լուրջ քայլ կդառնա Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համաձայնագիրը»...
ՀՀ ղեկավարության ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ գագաթաժողովն ավելի լայն չափելիություն է ձեռք բերել. ՌԴ դեսպան
Ինձ համար դա չափազանց թանկ եւ կարեւոր է...
Հայաստանում գազի գնի բարձրացման որեւէ նշան չկա. փոխվարչապետ
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են...
ԵՏՄ երկրները պատրաստ են արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում
ԵՏՄ երկրները մտադիր են արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում...
Պուտինը, ինչպես նախկինում, Ռոբերտ Քոչարյանին մեծ հարգանքով է վերաբերվում. Վլադիմիր Սոլովյով
Սա նոր իշխանությունների օրոք ՌԴ առաջնորդի առաջին այցն է Երեւան…
ԵՏՄ շրջանակում ամեն երկիր ձգտելու է «վաճառել» իր առավելությունները որքան հնարավոր է թանկ. փորձագետ
ԵՏՄ ամեն երկիր փորձելու է իր բնական հնարավորությունները որքան հնարավոր է թանկ վաճառել...
Ամենաշատ