News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է Իտալիայի նախագահի այցը մեր երկիր եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարեւոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ, հույս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխությունների ու լավատեսության շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առկա բարեկամությունը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սերջիո Մատարելլան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել երկու երկրների համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: «Մեր ժողովուրդներին միմյանց է կապում ամուր բարեկամությունը եւ մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի եւ Հայաստանի գործընկերության էլ ավելի զարգացումը»,- ասել է Իտալիայի նախագահը՝ հավելելով, որ հայ եւ իտալացի ժողովուրդները համարվում են հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ, ինչը հանդիսանում է երկկողմ կապերի խթանման լավ հիմք:   

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր, այդ թվում՝ տնտեսության, պաշտպանության եւ հումանիտար ոլորտներում  փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են հատկապես պաշտպանության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության շրջանակում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իտալիային այդ հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ եւ պատրաստ է շարունակել ջանքերը բանակցային գործընթացում:

Սերջիո Մատարելլան նշել է, որ այսուհետ եւս Իտալիան շարունակելու է իր հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում: Իտալիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում եւ հավելել, որ այն միայն քաղաքական է:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը եւ Սերջիո Մատարելլան կարեւորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումն ու ԼՂ հակամարտության կողմերի միջեւ ակտիվ երկխոսությունն ու խաղաղության մթնոլորտի ձեւավորումը:

Հայաստանի վարչապետը եւ Իտալիայի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Սերջիո Մատարելլան վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Իտալիայի խորհրդարանում հնարավորինս շուտ վավերացվի Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Սերջիո Մատարելլան քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ