News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պարագայում շեշտը պիտի դրվի ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցների` բանտից ազատելու վրա: Այս մասին ասվում է The New York Times-ի թուրք թղթակից Ամբերին Զամանի հոդվածում:

Ըստ նրա՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները տևական ժամանակ արդեն լարված էին և էլ ավելի սրվեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով ԱՄՆ-ի կողմից երկու թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու արդյունքում:

Թրամփի զայրույթը կապված է այն բանի հետ, որ նա կարծում էր՝ պայմանավորվել են Էրդողանի հետ: Ըստ որոշ փորձագետների՝ նման պայմանավորվածությունը շահավետ կլիներ Թուրքիայի համար: Հոգևորականին ազատ արձակելու դիմաց Վաշինգտոնը պատրաստվում էր իջեցնել Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներից խույս տալու համար Թուրքիայի պետական Հալքբանկին ներկայացված միլիարդավոր դոլարների տուգանքը: Նաև առաջարկվում էր Մանհեթենում տվյալ գործով դատապարտված թուրք գործադիրին թույլ տալ ազատազրկման մնացած ժամկետը Թուրքիայի բանտերից մեկում անցկացնել:

Հեղինակի խոսքով՝ Թրամփը նույնիսկ համոզել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որպեսզի վերջինը ՀԱՄԱՍ-ի հետ կապի մեջ մեղադրվող թուրք կնոջն արտահանձնի Թուրքիային: Սակայն պայմանավորվածությունը ձախողվեց, երբ Էրդողանը վերջին պահին ԱՄՆ-ից պահանջեց դադարեցնել Հալքբանկի դեմ տարվող հետաքննությունը: Այսպես՝ Բրանսոնը տնային կալանքի տակ առնվեց: Ըստ լրագրողի՝ Թուրքիան ձեռքից մեծ հնարավորություն բաց թողեց, և ԱՄՆ-ն սահմանեց պատժամիջոցները:

Էրդողանը սպառնացել է նույն կերպ պատասխանել ԱՄՆ-ին: Թուրքական կառավարամետ լրատվամիջոցներն էլ հորդորում են ԱՄՆ զորքերը դուրս բերել Ինջիրլիքից (թուրքական ռազմաբազա, որն օգտագործվում է Իսլամական պետության զինյալների դեմ պայքարի ու այլ նպատակների համար), սակայն առայժմ թուրքական կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր չի անում:

Ամբերին Զամանը նշում է, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերություններն այսքան չէին սրվել 1974 թվականից ի վեր, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս: Սակայն նա կարծում է, որ նույնիսկ եթե Բրանսոնն ազատ արձակվի, դրանով թուրք-ամերիկյան հարաբերություններն էապես չեն բարելավվի:

Թուրքիան փակի տակ է պահում ԱՄՆ մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ ՆԱՍԱ-ի ազգությամբ թուրք գիտնական Սերքան Գոլջին, ում զայրացած բարեկամներից մեկը պնդել էր, որ վերջինը կապ ունի Էրդողանի դեմ կազմակերպված հեղաշրջման հետ: Ամերիկյան հյուպատոսություններում աշխատող ևս 3 թուրք պաշտոնյաներ ձերբակալված են ահաբեկչական բնույթի մի շարք մեղադրանքներով:

Թրամփի վարչակազմից ոմանք պնդում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է բարելավվեն, քանի որ նման կտրուկ քայլերը կարող են Էրդողանին Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի գիրկը մղել: Իսկ Էրդողանը, որին բազմաթիվ մահմեդականներ ողջունում են Պաղեստինի հիմնախնդրի համար, կարող է խզել Իսրայելի և Թուրքիայի միջև կապերը: Հեղինակը պնդում է, որ նրանք սխալվում են:

Նրա կարծիքով, եթե Վաշինգտոնը շարունակի նույն տեմպով, ապա կարող է Էրդողանին ստիպել գնալ ժողովրդավարացման ճանապարհով: Ի վերջո՝ նման բախումից Թուրքիան անհամեմատ ավելի շատ կորցնելու բան ունի, քան ԱՄՆ-ն: Ամերիկացիները եվրոպացիների չափ տնտեսական լծակներ չունեն Թուրքիայի նկատմամբ, սակայն, թուրքական հանդգնությունից զայրացած, Կոնգրեսն այժմ ուզում է, որ Թրամփի վարչակազմն արգելափակի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից Թուրքիային տրվող ֆինանսավորումը: Իսկ դա խիստ անհրաժեշտ է Թուրքիային՝ տնտեսական խնդիրները լուծելու համար:

Մինչ Էրդողանը պարբերաբար դատարկում է Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտները, օտարերկրյա ներդրողները շարունակում են հեռանալ: Տնտեսական խնդիրներին զուգընթաց՝ Էրդողանի մեծաթիվ աջակիցներ կարող են վերանայել իրենց հավատարմությունը: Ի տարբերություն Իրանի՝ Թուրքիան նավթ չունի, որով կկարողանար փոխհատուցել իր առաջնորդների քմահաճույքները:

Հեղինակի խոսքով՝ չնայած Սիրիայի քրդերի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելուն՝ Թուրքիային անհանգստացնում է Սև ծովում և Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը:

Ամփոփելով՝ հեղինակը գրում է, որ անկախ Էրդողանի խոսքերից՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարիքն ունի, և նա այդ մասին շատ լավ գիտի:

Տպել
Ամենաշատ