News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Աշխատաշուկայում երիտասարդների շուրջ 93%-ն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկայացնելով Զբաղվածության պետական գործակալության վիճակագրական տվյալները:

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված երիտասարդների (մեր երկրի օրենսդրության համաձայն երիտասարդ համարվում են 16-29 տարեկանները) տեսակարար կշիռն աշխատանք փնտրողների թվաքանակում տարեկան միջինում կազմում է շուրջ 22-24%:

Աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության դժվարությունները եւ գործազրկության բարձր մակարդակը հիմնականում պայմանավորված են մի շարք գործոններով.

· աշխատանքային փորձի պակաս կամ բացակայություն, գործատուների կողմից երիտասարդ աշխատուժի նկատմամբ ներկայացվող պահանջներ (փորձառություն, բարձր մասնագիտական որակներ, մասնագիտությունից զատ այլ հմտություններ),

· մասնագիտություն ընտրելիս աշխատաշուկայի պահանջներին անտեղյակություն: Դեռեւս շարունակվում է երիտասարդների մասնագիտության ընտրությունը այսպես կոչված «ավանդական» մեթոդներով՝ ծանոթների, բարեկամների, ծնողների խորհրդով կամ էլ աշխատաշուկայում մոդայիկ դարձած մասնագիտության ընտրությունով, որի հետեւանքով ուսումն ավարտելուց հետո կամ համալրում են գործազուրկների բանակը կամ ստիպված ձեռք են բերում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն,

· կրթական ծրագրերի անհամապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: Արագ փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին զուգընթաց դեռեւս շարունակվում է կրթական ծրագրերի համարժեք վերանայումը եւ համապատասխան փոփոխությունների իրականացումը, որն էականորեն դժվարացնում է երիտասարդների մուտքը աշխատաշուկա,

· աշխատանքի նկատմամբ մոտիվացիայի պակաս` պայմանավորված ցածր աշխատավարձով, աշխատանքային պայմաններով, որի պատճառով շատ հաճախ երիտասարդները խուսափում են իրենց իսկ մասնագիտությամբ աշխատել՝ նախընտրելով ցանկացած այլ բարձր վարձատրվող աշխատանք,

· Գյուղական երիտասարդության թերզբաղվածություն: Գյուղական շրջաններում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի բացակայությունը կամ սահմանափակությունը նպաստում է երիտասարդների գործազրկությանը, ինչն իր հերթին առաջ է բերում միգրացիոն երեւույթներ,

·  գյուղական երիտասարդության կրթության մատչելիության ցածր մակարդակ,

· պետական համակարգում ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման սահմանափակ հնարավորություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործազրկության մակարդակը բարձր է հատկապես երիտասարդ կանանց շրջանում, 2018թ. Զբաղվածության պետական գործակալությունը  ներդրել է եւս 2 ծրագիր՝ նպատակ ունենալով մի դեպքում աջակցել մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերին ձեռք բերելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն, մյուս դեպքում՝ աշխատող մայրերին իրենց աշխատանքին զուգահեռ կազմակերպել մինչեւ 3 տարեկան երեխաների խնամքը:

Տպել
Ամենաշատ
Partner news