News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրություններին ամենամեծ շանսերն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

«Ես կարծում եմ, որ ամենամեծ շանսն ունի այն քաղաքական ուժը, որի անվան հետ է կապվում իշխանափոխությունը կամ հեղափոխությունը, բնականաբար, ՔՊ-ն, քանի որ սա առաջին ընտրությունն է հեղափոխությունից հետո, որը պետք է ինստիտուցիոնալ հիմքեր դնի նոր իշխանություններին ընտրությունների մեխանիզմով: Իմ կարծիքով՝ կան շատ զանգվածներ, որոնց մոտ հեղափոխական էյֆորիան եւ հույսերը պահպանվում են, եւ բավական շատ ձայներ կհավաքվեն, եթե այդ քարոզարշավին մասնակցի բավական բարձր վարկանիշ ունեցող վարչապետը` Նիկոլ Փաշինյանն անձամբ»,- ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ լուրջ արդյունք կարող է գրանցել նոր դաշինքը, որ ստեղծվում է «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միավորմամբ:

«Ինչու եմ այդպես կարծում, քանի որ այն, այնուամենայնիվ, ասոցացվում է նոր իշխանությունների հետ, երկրորդ՝ այդ կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ համարվում են ազատական, իսկ արտաքին քաղաքական կողմնորոշմամբ արեւմտյան արժեքների կրող ուժեր են: Եվ եթե նրանց հաջողվի շեշտը դնել հենց դրա վրա՝ լիբերալիզմի վրա, կկարողանան կոնսոլիդացնել ակտիվ հասարակության այդ խավին: Ես կարծում եմ, որ բավական լավ արդյունք կգրանցեն, իսկ հետագայում՝ արդեն ավագանիում, կարող են ՔՊ-ի հետ կոալիցիա ձեւավորել»,-ասաց նա:

Վեգեն Հակոբյանի կարծիքով՝ երրորդը «Բարգավաճ Հայաստան»-ն է, որը 2 շարասյունով է մասնակցում ընտրություններին:

«Մեկը՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, մյուսը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանի առաջադրմամբ: Հետաքրքիր է, որ ՀՀՇ-ն «Ծառուկյան» խմբակցության անդամ չէր, այլ միայն Արարատ Զուրաբյանն էր անդամ, ինչը նշանակում է, որ այստեղ քաղաքագիտական հնարք է կիրառվում, եւ յուրաքանչյուրը կփորձի իր ընտրազանգվածի ձայները վերցնել: ԲՀԿ-ն միշտ ասոցացվել է ֆինանսական լուրջ ռեսուրսների օգտագործման հետ, եւ այստեղ շատ բան կախված է նրանից, թե վարչապետը կկարողանա՞ սահմանափակել բարեգործական կոչվող ռեսուրսների օգտագործումը: Դրանից է կախված ԲՀԿ-ի վերջնական արդյունքը»,- հավելեց քաղաքագետը:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ «Երկիր ծիրանի»-ն փորձելու է վերցնել այն ընտրազանգվածի ձայները, որոնք արմատական են տրամադրված:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել. քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը:

Երեւանի ավագանու լիազորությունները կրճատելու նախագիծը ՀՀ կառավարություն կներկայացվի օգոստոսի 16-ին:

Տպել
Partner news