News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Միանգամայն ակնհայտ է, որ Ակթաուում ստորագրված կոնվենցիան առաջին հերթին ուղղված է Կասպից ավազանի ընդերքի եւ ջրատարածքի օգտագործման վերաբերյալ ընդհանուր ըմբռնման ձեւավորմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագետ-միջազգայնագետ Վահե Դավթյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ ստորագրված Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան:

Ընդ որում, ինչպես նշեց փորձագետը, ԽՍՀՄ գոյության տարիներին Կասպից ավազանի հարցերը կարգավորվել են դեռեւս 1921 թվականին ՌԽՖՍՀ-ի ու Իրանի միջեւ ստորագրված պայմանագրի հիման վրա:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բնականաբար, նոր շահառուներ են հայտնվել, որոնք անկախություն են ձեռք բերել, որոնք են ե՛ւ Թուրքմենստանը, ե՛ւ Ղազախստանը, ե՛ւ Ադրբեջանը: Ըստ որում՝ Կասպիցի շուրջ վեճերը կարգավորելու անհրաժեշտությունը, առաջին հերթին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ մերձկասպյան բոլոր պետությունները, հատկապես վերջին երեքը, մասնավորապես հետխորհրդային ժամանակաշրջանում, սկսեցին իրենց տնտեսական քաղաքականությունը կառուցել նավթագազային արդյունաբերության վրա հիմնվելով: Այս պատճառով ընդերքի եւ ջրատարածքի օգտագործման հարցը բոլորի համար այդքան կարեւոր էր»,- պարզաբանեց Դավթյանը:

Քաղաքագետը նշել է նաեւ, որ Կասպից ծովում որոշ քանակությամբ նավթագազային հանքավայրեր կան, որոնք բոլորովին վերջերս վիճելի էին համարվում։ Այսպես, Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջեւ երկար տարիներ շարունակ վեճ է ընթացել նավթի վիճելի հանքավայրերի շուրջ, սակայն արդյունքում հաջողվել է համաձայնության հասնել դրանց համատեղ շահագործման շուրջ։

Կոնվենցիան նաեւ թույլ է տալիս երկրներին համաձայնեցված քաղաքականություն վարել Կասպից ծովում խողովակաշարային համակարգերի ակտիվացման հարցով։

Հիշեցնենք, որ Ղազախստանի Ակթաու քաղաքում օգոստոսի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի առաջնորդների հանդիպումը, որի արդյունքում տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ է ստորագրվել՝ Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան, դրա շուրջ աշխատանքն անցկացվել է 22 տարի։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news