News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 10 տարի առաջ Արևմուտքի մայրաքաղաքներում խոստանում էր ժողովրդավարության փարոս լինել կրոնական հակամարտությամբ լի տարածաշրջանում: Այս մասին գրում է The New York Times-ի թղթակից Փիթեր Գուդմանը:

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն էր, որը կամուրջ էր հանդիսանում Եվրոպայի և Միջին Արևելքի միջև: Փորձելով Թուրքիայի դիրքերն ամրացնել ԵՄ-ի շարքերում՝ Էրդողանը ներկայանում էր որպես համբերատար և ժամանակակից մահմեդական առաջնորդ, որը հանդուրժողականությամբ և օրենքի ուժով ղեկավարվող ազատական հասարակությամբ երկիր է կառուցում:

Սակայն այս ամենը տեղի ունեցավ, մինչև Էրդողանը սկսեց գերակա ուժ կուտակել, ապա սայթաքեց 2016 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ: Թուրքիան ընկավ ֆինանսական խորը ճգնաժամի մեջ, և նրա ազատականացման բոլոր գաղափարները հօդս ցնդեցին:

Արևմուտքի համար Էրդողանը ժողովրդավարության և իսլամի համատեղ գոյության հույսից վերածվեց հերթական ավտոկրատ առաջնորդի, որի պոպուլիզմը, փքուն և արհամարհական վերաբերմունքն աղետաբեր եղան:

Տարածաշրջանի որոշ փորձագետների կարծիքով՝ Էրդողանի մասին ազատական պատկերացումներ միշտ էլ ֆանտաստիկայի ժանրից են եղել, քանի որ մինչև Թուրքիայի նախագահ դառնալը նա 11 տարի վարչապետի պաշտոնում պաշտպանել է իսլամի դավանանքը և պետության կողմից պարտադրված աշխարհիկության վերացումը, իսկ ժողովրդավարական բարեփոխումները և ռազմական ուժերի հանդեպ քաղաքացիական վերահսկողության սահմանումը եվրոպական բլոկի կողմից ողջունելի լինելու և, առանց պետական միջամտության, իսլամ դավանելու համար էին:

Օրինակները բազմաթիվ են, երբ Արևմուտքն իր արժեքները պարտադրում է որոշ երկրների՝ սեփական նկատառումներով: Մինչդեռ Թուրքիայում ԵՄ-ն նույնիսկ ուժեղ միջոցներ է գործադրել հասարակությունը բարձրացնելու համար. առաջ է բերել առևտրային շահեր, մուտք դեպի եվրոպական հսկա շուկա՝ դրա գլխավոր գրավական հայտարարելով ժողովրդավարացումը: Եվ Թուրքիան, հարգանքի արժանանալու համար, վերացրեց պետանվտանգության դատարանները, բարձրացրեց մարդու իրավունքներն ու վերացրեց մահապատիժը:

Սակայն այժմ, ըստ հեղինակի, այս հնարավորությունը բաց է թողնված: Եվրոպան այդպես էլ չհամակերպվեց 70 մլն՝ մեծամասամբ մուսուլման բնակչությամբ երկրին ընդունելու գաղափարի հետ, և վիճակը սրվեց հատկապես Բուլղարիայի և Ռումինիայի՝ ԵՄ անդամ դառնալուց հետո՝ չնայած վերջիններիս՝ կոռումպացված լինելու համբավին:

Վերջին տարիներին Էրդողանը բարեփոխման ուղուց շեղվել է դեպի նոր դաշնակցություններ ստեղծելը, հատկապես՝ Ռուսաստանի ավտոկրատ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանը լրագրողների է ձերբակալել, խլել է քաղաքական ընդդիմության արտոնությունները, ճնշել դժգոհությունը և ամբողջական վերահսկողություն սահմանել թուրքական ուժի լծակների հանդեպ:

Էրդողանի ծախսերը լավացրել են նրա՝ քաղաքական հենարան հանդիսացող աշխատավոր դասակարգի թուրքերի կյանքը. կառուցվել են հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ և այլն: Սակայն դրա արդյունքում մասնավոր ընկերությունները հսկայական պարտքեր են կուտակել:

Վերցված վարկերի մեծ մասն ամերիկյան դոլարով են և այժմ, երբ թուրքական ազգային արժույթ «ազատ անկման» մեջ է, այդ պարտքերը բազմապատկվել են՝ արդյունքում հանգեցնելով տնտեսական աղետի:

Գուդմանի կարծիքով՝ Թուրքիայի խնդիրները, ամեն դեպքում, ներքին ծագում ունեն: Էրդողանի ավտորիտար կառավարումը կորցրել է թուրքական հաստատությունների՝ հատկապես Կենտրոնական բանկի հանդեպ վստահությունը, ինչը խիստ կարևոր է տնտեսական խնդիրները լուծելու հարցում: Էրդողանը հրաժարվում է տոկոսադրույքները բարձրացնելուց՝ գնաճի պատճառ համարելով բարձր տոկոսադրույքները: Այստեղ միակ ելքը կարող է լինել Արժույթի միջազգային հիմնադրամ դիմելը, որից հետո Էրդողանը կհայտնվի ծանոթ իրավիճակում, որտեղ իր ազգային հաջողությունները կախված կլինեն Եվրոպայից և ԱՄՆ-ից, սակայն ոչ իր ուզած ձևով, նշում է հեղինակը:

Տպել
Partner news