News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նախիջեւանի սահմանին համեմատաբար հանգիստ է, ամեն օր բարելավման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հարցին՝ դիրքերի տեղաշարժը ի՞նչ հանգրվանի է հասել, կան խոսակցություններ, որ տեղ–տեղ միջդիրքային տարածությունը 50 մետր է, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ՝ 50 մետրը չեմ կարծում, որ համապատասխանում է իրականությանը, սահմաններում դիրքային բարելավումները մշտական պրոցես են՝ շնչող օրգանիզմի նման, որեւէ տեղ չեն հասնում, միշտ շարժվում են առաջ, եւ եթե ինչ–որ առումով մամուլում հետաքրքրություն չկա այդ պրոցեսների նկատմամբ, չի նշանակում՝ հենց մամուլում չեն խոսում, իրենք առաջ չեն տալիս դիրքերը։ Իրենք իրենց գործն են անում, անկախ նրանից, թե մամուլում ինչ են խոսում»։

Անդրադառնալով հրապարակումներին, թե Թուրքիան Սոմալիից ու Կատարից հետո մտադիր է իր երրորդ ռազմաբազան հիմնել Նախիջեւանում, Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, հասկանալի է, որ հայկական տիրույթը հետաքրքրված է այս թեմայով, բայց  որեւէ կոնկրետ բան դեռ չկա։

Հայ–ռուսական աննախադեպ հումանիտար համագործակցության մասին խոսնակն ասաց. «Քանի որ այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը, բնականաբար դա արդեն  պլան–ծրագիր է, իսկ ինչպիսին, ինչքանով, որ ժամկետում, ինչ ծավալով, ինչ կոնկրետ  խնդիրներով, Ես կարծում եմ  դրա ժամանակը կգա եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը դրա մասին կհայտարարի»։

Նա հավելեց, որ մեր Զինված ուժերը աշխարհի շատ երկրներում նման առաքելությունների փորձ ձեռք բերել են՝ Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլուր. «Մեզ համար դա մի հերթական առաքելություն կլինի»։

Սահմանին իրավիճակի մասին խոսելով՝ ՊՆ մամուլի խոսնակն արձանագրեց. «Սահմանին լարվածությունը թուլացել է, բայց դա ոչինչ չի ասում երկարաժամկետ կանխատեսումների տեսանկյունից, որովհետեւ երկարաժամկետ կանխատեսումներ չես կարող անել, հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, հակառակորդի որդեգրած քաղաքականությունը, այս պահի կամ կարճ ժամանակ առաջ համեմատաբար հանգիստ է ամեն ինչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ