News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ հանցանք է առանց մարդու թույլտվության տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը:

«Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելու, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռտուպցիան այս երկրում: Փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, փորձում ենք պարզել եւ օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին: Ի՞նչ կարող են նրանք անել, սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց հավատացեք, որ մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը»,- ասաց Հատուկ քննչական ծառայության պետը:

Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է Յուրի Խաչատուրովի դեպքում: Սա միայն այս մասնավոր դեպքը չէ, ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի առաձնահատկությունն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել նախաքննությանը, այս գործում հատկապես կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»:

Նշենք, որ ըստ գաղտնալսված ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանն Արթուր Վանեցյանին հայտնում է, որ ինքը Խաչատուրովի միջնորդության վերաբերյալ արդեն իսկ տեղեկացրել է վարչապետին: «Ուրեմն վարչապետի հետ խոսա մի հատ, ընկեր, որովհետեւ ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,– ասում է Սասուն Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ