News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Դա պետության համար խայտառակ երեւույթ  էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցին, դրա գաղտնալսման ու հրապարակմանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, թե բոլոր գողացված գումարները պետք է վերադարձվեն, նաեւ հնչել էին անուններ, Գալուստ Սահակյանն ասաց. «Գումարներ վերադարձնելը, խոսել այս կամ այն գործիչների մասին, դրա համար պետությունը հատուկ կառույցներ ունի, որոնք պետք է զբաղվեն: Կառավարությունը հիմնականում պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ»:

Հարցին, թե իր կարծիքով ո՞ւմ ձեռքի գործն է այդ հեռախոսազրույցը գաղտնալսելն ու հրապարակելը, ՀՀԿ-ական գործիչը պատասխանեց. «Այս տարիների ընթացքում նման երեւույթներ չեն եղել, ես շատ դժվարանում եմ մտածել այդ ուղղությամբ: Համենայնդեպս, դա վատ է մեր պետության համար»:

Դիտարկմանը, որ վարչապետն ասաց, որ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ հնարավոր է սա նրանց ձեռքի գործը լինի, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես չեմ կարծում՝ որեւէ մեկը գաղտնալսման այնպիսի գործիքներ ունենա, որ կարողանա երկուսի հեռախոսնազանգերը լսել: Գաղտնալսման գործիքներն այդքան հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա ու լսի: Առավել եւս դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով որոշում են, թե հետագա գործողություններն ինչ պետք է անել: Կարող էին հանդիպել եւ խոսել: Ինչ է նշանակում հեռախոսով խոսել, թե ինչ գործողություններ են անելու:

Դա պետության համար վտանգավոր երեւույթ է, առավելեւս այսօր մեր ժողովուրդն այն մտքին է, որ ցանկացած հեռախոսազրույց լսողության տակ է գտնվում»:

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է: Այդ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել գլխավոր դատախազությունում:

Տպել
Ամենաշատ