News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ զինված ուժերը եւ Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արցախից Երեւան է վերադառնում։

Նա հայտնեց, որ Արցախում շատ կարեւոր քննարկումներ է ունեցել՝ կապված առաջնագծում իրավիճակի հետ. «Չնայած առաջնագծում վիճակը բավական լարված է, սակայն այն կարելի է կայուն եւ վերահսկելի համարել։ Համենայն դեպս՝ ՀՀ զինված ուժերը եւ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակը»։

ՀՀ վարչապետը նշեց, որ Արցախի նախագահի եւ ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը. «Քննարկել ենք մեր դիրքորոշումները ԼՂ հարցի կապակցությամբ, նաեւ ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք եւ հստակ արձանագրեցինք, որ այո՛, չկա որեւէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի ԶՈՒ սադրանքներին: Բայց դա չի նշանակում որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում։ Մենք պատրաստ ենք խաղաղության եւ բանակցությունների։ Ես եւ Արցախի նախագահը պատրաստ ենք խաղաղության, բայց նաեւ պատրաստ ենք պատերազմի։ Այս վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի եւ մեր ժողովրդի վստահության վրա»։

Փաշինյանը նաեւ պատմեց, որ ծանոթացել է 2 բազմազավակ զինվորականների հետ, որոնց համարում է հայրենիքի ապագայի նկատմամբ ունեցած բացառիկ հավատի եւ վստահության խորհրդանիշ. «Այսօր ծանոթացա պայմանագրային զինվորի հետ, ով 7 երեխա ուներ, եւ 7 երեխա ունենալով՝ ծովի մակերեւույթից մոտ 3.000 մետր բարձրության վրա իրականացնում է մարտական հերթապահություն։ Նաեւ ծանոթացա մի սպայի հետ, ով 6 երեխա ուներ։ Ես սա համարում եմ սեփական հայրենիքի ապագայի նկատմամբ ունեցած բացառիկ հավատ եւ վստահություն։ Համոզված եմ, որ այդ հավատը հիմնված է մեր ժողովրդի հավաքական դուխի եւ վստահության վրա»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախից վերադարձել է Երեւան եւ անմիջապես միացել «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին Աջափնյակ համայնքում։ «Ճանապարհին աչքս կպել էր, հենց մտանք Երեւան, այդ գայթակղությանը չդիմացա՝ գալ այստեղ եւ ձեզ ողջունել։ Մեր սահմանին, դիրքերում հզոր տղերք են կանգնած։ Կեցցե՛ հայության մայրաքաղաք Երեւանը եւ կեցցե՛  Արցախի անկախ հանրապետությունը»,–քարոզարշավին ելույթի ժամանակ նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ