News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Նախիջեւանի հետ սահմանին գտնվող Արենի համայնքի բնակիչների համար կրակոցները վերջին ամիսներին առօրյայի մաս են դարձել։

Ապրիլից սկսած՝ գրեթե ամեն օր, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին, գյուղի մի թաղամասում կրակոցներն ավելի լսելի են դառնում, այդ հատվածում, կարելի է ասել, տները հենց դիրքերի դիմաց են։ Սակայն, ի տարբերություն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, ադրբեջանական կողմն Արենի գյուղի ուղղությամբ չի կրակում. դրանք միայն հայկական դիրքերի ուղղությամբ են։ Մարդիկ այս հատվածում նաեւ այգիներ ունեն, որը մշակում են առանց մտավախություն ունենալու, որ հակառակորդը կարող է կրակել։

«Կրակոցներ լսվում են, բայց գյուղի վրա չէ, կրակոց չի էլ եղել, ռիսկ էլ չեն անի, որ գյուղի վրա կրակեն։ Կարող ա՝ իրար վրա դիրքերում կրակեն, բայց ոչ մեզ վրա։ Մեր տունը դիրքերի հենց դիմացի տունն ա, կարելի ա ասել, բայց տեսեք՝ մեզ համար հանգիստ ապրում ենք։ Նույնիսկ որ կրակոց ենք լսում, դուրս ենք գալիս, նայում»,– NEWS.am–ի հետ զրույցում նշեց համայնքի բնակիչներից Ալիկը։

Տան պատշգամբից Ալիկը ցույց է տալիս ադրբեջանական եւ հայկական դիրքերը։ Այս թաղամասի գրեթե բոլոր տներից դրանք տեսանելի են։  Բնակիչների խոսքով, գյուղում մի քանի ամիս է՝ արգելված է հրավառությունը, որպեսզի կրակոցների հետ չշփոթեն։

Այդուհանդերձ, կրակոցները Արենիիի բնակիչներին մտահոգում են. Մեր դիրքապահների համար են անհանգստանում։

«Իհարկե, գյուղի վրա չեն կրակում, մեզ համար հանգիստ ապրում ենք, բայց դե մեր երեխեքի համար ենք վախենում, որովհետեւ դիրքերում են, իսկ էնտեղ գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում»,– ասաց թաղամասի բնակիչներից տիկին Մանուշակը։

NEWS.am–ի հետ զրույցում Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանը նշեց, որ ուղիղ գծով ադրբեջանական դիրքերից մինչեւ Արենի 6 կիլոմետր է, հետեւաբար հրաձգային տեսակի զենքերից փամփուշտներն անհնար է՝ գյուղ հասնեն։

«Ապրիլից սկսած՝ կրակոցներն ավելի հաճախակի են դարձել, քանի որ շփման գոտի է առաջացել։ Նախկինում շփման գոտի չի եղել, դիրքերը բավականին հեռու էին, մեր ու իրենց զինվորների միջեւ շփման տարածությունը չկա, հիմա դիրքերը մոտ են իրար։ Այդ պատճառով, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին սկսել են կրակել։ Դա էլ պայմանավորված է ինժեներական աշխատանքներով. երկու կողմն էլ դեպի դիրքեր տանող ճանապարհներ է բացում, տեխնիկա է աշխատացնում։ Հենց այդ աշխատանքները կատարելու ընթացքում էլ մեծ մասամբ լինում են այդ կրակոցները»,– ասաց Գեւորգ Սիմոնյանը։

Սահմանին շատ մոտ գտնվող խաղողի այգիների եւ այնտեղ աշխատող մարդկանց ուղղությամբ, ըստ համայնքապետարանի աշխատակցի, երբեք չեն կրակում։ Ամեն դեպքում՝ գյուղացիները զգուշության մասին չեն մոռանում։ «Խաղողի այգիներից հետո մի քանի հեկտար հող կա, որտեղից սովորաբար խոտ էին քաղում, դա, օրինակ, չեն գնում քաղելու։ Այնտեղ մի քանի անգամ հրդեհ է եղել, որը կապում ենք կրակոցների հետ, բայց դա չմշակվող հող է, միայն խոտ էր այնտեղ»։

Նշենք, որ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծել են Հայաստանի տարածքն Արենի գյուղի շրջանում։

 

Տպել
Ամենաշատ