Նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել են յուրովի մեկնություններ, շեղումներ, ամեն մեկն իր ձեռագիրը թողել է, հիմա հասել ենք այստեղ, կան որոշ հարցեր, որոնք պետք է ուղղվեն ապագայում, բայց ներկա պահին ունենք ընտրական գործընթաց, որը քայլ առաջ է եւ հույս ունեմ, որ Երեւանի քաղաքացին խղճի մտոք կքվեարկի եւ կունենա իր իշխանությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, թիվ 9/06 ընտրական տեղամասում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հույս հայտնեց, որ այս ընտրություններում կարձանագրվեն միայն միջին ու մանր շեղումներ, ոչ թե համակարգային շեղումներ. «Մեզ մոտ տրամադրությունները շատ շուտ են փոփոխվում, կարող է 3 ամիս առաջ լրիվ այլ լիներ, բայց այսօրվա համար պետք է ունենանք այն ուժերը, որոնք կանցնեն, եւ ես բոլորին շնորհավորելու եմ:
Մենք արդեն հաղթել ենք, որովհետեւ այսօր ես որպես ընտրող ունենալու եմ ժողովրդին պատկանող քաղաքապետարան, ավագանի եւ դա ավելի բարձր է, քան ցանկացած համար: Մեզ համար շանսերը հրաշալի են, կատարյալ են, որ մենք կուենանք այդ ընտրությունը, որը չի գողացվելու: Կարող են փոփոխվել տրամադրությունները, ինչպես փոփոխական է ամեն ինչ»:
Հարցին, թե հանուն ինչի՞ է քվեարկեց, «Ժառանգության» թեկնածուն ասաց. «Ես քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ եւ առաջատար մեր մայր քաղաքի, հայրենիքի: Հաջողություն եմ մաղթում բոլոր մեր մրցակից ուժերին, թեկնածուներին: Կարեւոր է ոչ միայն ընտրությունների բովանդակային առաջխաղացումը, այլեւ ընտրություններ երեւույթը, տպավորությունը քաղաքացու, որ վստահելի լինի ընտրությունը»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: