News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Սա առաջին շփումն էր ՀՀԿ-ի ներկայացուցչի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով, մտքեր փոխանակեցինք եւ պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի։ Այս մասին, այսօր` հոկտեմբերի 1-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր չէր որոշման հանգել։

Նա նշեց, որ իրենք մտածում են, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ՝ ասենք 2-3 ամսվա ընթացքում։

Դիտարկմանը, թե եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն հիմա, ապա «Իմ քայլը» դաշինքը կարող է էլի 80 տոկոս հավաքել եւ այդպիսի պատկեր լինի ԱԺ-ում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ այսօր գործող Սահմանադրությամբ խորհրդարանի առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր։

«Այսինքն, ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի, եթե անգամ ուժերից մեկը 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինի քան այսօր է  երկայացված։ Փոխարենը կառավարությունը կունենա մեծամասնություն, ինչը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել եւ զբաղվել երկրի օրակարգային հարցերով։ Այստեղ մի այլ տարբերություն էլ կա, մենք կունենանք լեգիտիմ մեծամասնություն եւ լեգիտիմ փոքրամասնություն։ Եթե անգամ երկրորդ ուժը 5 տոկոս ձայն հավաքի, նա բոնուսով ստանալու է այնքան ձայն, որ լինելու է ԱԺ-ի առնվազն 1/3-ի չափով եւ ունենալու է երաշխիքներ»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ անգամ կարող են այդ երաշխիքները ուժեղացնել, եթե որեւէ կասկած կա, այսինքն ԱԺ հանձնաժողովների նախագահների քվոտա էլ կարող են տալ ընդդիմությանը։

Հարցին, թե բովանդակության առումով ինչպես են ընթացել բանակցությունները Վահրամ Բաղդասարյանի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Էս պահին ՀՀԿ-ականները հրապարակային հայտարարում են, որ ընտրությունները պետք է լինեն 2022 թվականին։ Ես ասում եմ, որ սա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետեւ քաղաքական գործընթացների արդյունքում ամեն ինչ հանգել է նրան, որ ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Մինչեւ այդ հարցը չլուծվի, ոչ մի ուրիշ հարց չի լուծվելու։ Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Եթե որեւէ քաղաքական ուժ դիմադրում է այդ պրոցեսին, նշանակում է՝ ուզում է, որ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ։ Դա սխալ մոտեցում է»։

Ինչ վերաբերում է նրան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեռ չեն ընդունվել, ՀՀ վարչապետը նկատեց, որ նախկինում բարեփոխված ընտրական օրենսգրքով ընտրություններն էլ են տեսել, նույն օրենսգրքով բայց արդեն նոր իրավիճակում տեղի ունեցած ընտրություններն էլ են տեսել. «Ընտրություննների պրոբլեմը ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու կամքն է, եւ ոչ թե այն օրենքները, որ գրվում են ու խախտվում»։

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում համաձայնությունը ՀՀԿ-ի եւ մյուս ուժերի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Երկու տարբերակ կա. մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է ,որ համաձայնություն ենք ստորագրում, որ էսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, եւ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները եւ ռիսկերը ունեն»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները կարող է պայմանավորվել, հետո պայմանավորվածությունը խախտել՝ ընդգծեց, որ հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որեւէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է:

Վարչապետը հավելեց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, որից հետո նորից կհանդիպի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ