News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի դեպքով 5 անձ բերման է ենթարկվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Այդ դեպքով նյութեր են նախապատրաստվում, դեպքից ժամեր անց արդեն ունեինք բերման ենթարկվածներ, հինգ հոգի»,– ասաց Վալերի Օսիպյանը։

Նա չմանրամասնեց, թե ովքեր են եղել բերման ենթարկվածները, սակայն նշեց, որ նրանք Միհրան Պողոսյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիկնապահներից են եղել եւ վարորդը։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը,  թե տեղի ունեցածը վկայում է, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին, Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարում է հստակ, ճիշտ եւ ժամանակին։ Այն ասածը, որ ուժային կառույցները, ապա դրանցից մեկը ոստիկանությունն է, ես ընդունում եմ, որ հնարավոր է՝ ոստիկանները թերացել են, տվել եմ համապատասխան հանձնարարական»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3–ին Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Միհրան Պողոսյանը հայհոյել է նախորդ օրը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին։ Մամուլում լուրեր կան, որ Միհրան Պողոսյանի հետ հայհոյել է նաեւ ՀՀԿ–ական Արայիկ Գրիգորյանը։

Միհրան Պողոսյանը հերքել է այդ տեղեկությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ