News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաշինյանի միակ ընդդիմությունը «տնտեսության վիճակն ու հեռանկարն է»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջերս արեւմտյան ընկերություններից մեկում առնչվեցի Լիտվայից «արտագաղթած» մի երիտասարդի։ Հարցրի՝ «Լիտվան հզոր տնտեսություն ունի՞», պատասխանեց, թե՝ «հզոր տնտեսություն ունենար, ես ու իմ նման շատերն այստեղ ի՞նչ գործ ունեինք»։

Ի՞նչի հիշեցի սա։ Այսօր, շատ է խոսվում հզոր Հայաստանից, տնտեսական հեղափոխությունից, թռիչքային զարգացումներից, տեխնոլոգիական առաջընթացներից եւ այլն։

Այս առումով, Լիտվան լավ օրինակ է՝ սովետական տարիներին գրեթե նույն տնտեսական մակարդակն ունեինք։ Նույն սովետական հանրապետությունը, որն այսօր ունի նույն 2,9 մլն բնակչությունը, ունեցել է բնակչության զգալի արտահոսք, չունի որեւէ էական հանքահումքային ռեսուրս, նույն 50% անկումն է ունեցել 1992թ-ին, նույն՝ 15% անկումն է ունեցել 2009թ-ին։

ԲԱՅՑ, այսօր Լիտվան՝ գրեթե 4 անգամ, կրկնում եմ, 4 անգամ Հայաստանից մեծ տնտեսություն ունի ու դեռ «հզոր» չի զգում իրեն։ Կարո՞ղ ենք մենք ներկա վիճակից մեր տնտեսության ծավալը 4 անգամ մեծացնել։ Մենք շատ «հաշվետար» տնտեսագետներ ունենք, ովքեր հասարակությանը ավելի լավ կներկայացնեն, թե ինչ ասել է Հայաստանի ներկայիս ՀՆԱ-ն չորս անգամ ավելացնել։ Հասարակությունը չէ, որ պետք է տարբերակի՝ ստրատեգիական տնտեսագիտությունը հաշվետարությունից։ Տնտեսության ներկա ու ապագա վիճակն է, ժողովուրդ ջան, բոլոր ժամանակների իշխանությունների միակ ազդեցիկ ընդիմությունը։ Եթե խորը դատենք՝ հենց այդպես էլ եղել է եւ անկասկած այդպես էլ լինելու է։

Բոլոր զարգացած երկրները վաղուց ի վեր հասկացել են, որ իրական քաղաքականությունը տնտեսության արտացոլումն է, մնացյալը խաղ է՝ «բեմականացում»։

Վերադառնանք Լիտվային։

Շատերը կասեն, Լիտվան սահմանակից է Եվրոպային, ԵՄ-ն օգնել է իրեն եւ այլ նման բաներ։ Չեմ բերի հակափաստարկներ՝ այն որ երբեւէ որեւէ ճիշտ քայլ չենք արել, որ ֆեոդալական երկիր էինք կառուցում ու որ 7մլն սփյուռք ունենք...՝ անիմաստ է։ Չեք գտնի այս 25 տարվա ընթացքում տնտեսությանը վերաբերող մի որոշում, կամ օրենք, որը մեծ հաշվով չի վնասել մեր տնտեսությանը։

Ինչո՞ւմ է տարբերությունը մեր ու Լիտվայի միջեւ։ Լիտվան, մեր ռազմավարական գործընկերոջից՝ Ռուսաստանից (ում հետ սառը հարաբերություներ ունի ի դեպ) ներմուծում է հում նավթ, վերամշակում, դարձնում տարբեր տեսակի նավթամթերք՝ թե իր սպառման համար, թե արտահանման։ Ներմուծում է մետաղ, այլ հումքատեսակներ, մշակում ու թողարկում բարձրակարգ ու մրցունակ արտադրանք։ Միայն վերամշակված նավթամթերքի գծով, Լիտվան արտահանում է մեր ողջ արտահանումը գրեթե 3 անգամ գերազանցող ծավալ։ Իսկ մենք, նստած պղնձի սեփական խտանյութի վրա, 430 հազար տոննա «հարստացված ազգային հող» ենք մատակարարում աշխարհով մեկ։

Մի բան էլ ասեմ ռազմավարական ոլորտների ընտրության առումով՝ Լիտվայի արտահանման ծավալներում (մոտ՝ 30 մլրդ դոլար ապրանքներն ու ծառայությունները միասին), որտեղ գերիշխում են էներգեիկ, գյուղատնտեսական, տրանսպորտային մեքենասարքավորումները՝ տեքստիլը, հագուստը, ՏՏ ոլորտն ու տուրիզմը միասին վերցրած, չեն գերազանցում արտահանման ընդհանուր ծավալների 10%-ը։

«Լավ» է իհարկե, որ մենք, «հանուն հայրենիքի», կարողացել ենք դիմակայել ու համակերպվել տնտեսության մի այնպիսի վիճակի հետ, որը եթե մեր համար ինչ որ առումով «տանելի» է, ուրիշների համար կլիներ «մեծագույն աղետ»։ Փաստն այն է, որ մեր տնտեսությունն այսօր, պատկերավոր ասած՝ «հատակի» վրա է, եւ եթե մենք «անհեթեթ» քայլեր չանենք, ապա մեր տնտեսությանը առավել ողբերգական իրավիճակ չի սպառնում։

Նոր կառավարությունը (արդեն նախկին) հինգ ամիս շարունակ մշակում էր տնտեսական «հեղափոխական» ռազմավարություն, նոր հարկային օրենսգիրք եւ այլն։ Ինձ մտահոգում է, որ իրականում չկա տեսլական, որովհետեւ՝ եթե դուք հստակ տեսնում եք ռազմավարությունն ու քայլերի հաջորդականությունը, ձեզ անհրաժեշտ է 24 ժամ հարկային եւ այլ օրենսդրական փոփոխությունների համար։

Նիկոլ Փաշինյանը հզոր քաղաքական գործիչ է՝ «փոթորիկ», բայց տնտեսությունն այլ տրամաբանություն ունի։ Հիշենք, որ ի սկզբանե, Վարչապետը խոսում էր գյուղատնտեսությունից, ՏՏ ոլորտից ու տուրիզմից, հիմա արդեն, հինգ ամիս անց՝ Վարչապետը առանձնացնում է արդյունաբերությունն ու «ռեինդուստրիալիզացման» խնդիրը։ Սրանք բացարձակապես տարբեր շեշտադրումներ են։

Վաղը՝ վատագույնը երեք տարի անց, Վարչապետը կարեւորելու է «առեւտրա-արդյունաբերական համակարգերի» ձեւավորման խնդիրը, առանց որի Հայաստանի տնտեսությունը լուրջ զարգացման որեւէ հեռանկար չունի։ Հույս ունեմ, որ երեք տարին մեզ բավարար կլինի փորձարկելու բոլոր մնացյալ՝ «լիբերալ-դեմոկրատական» տարբերակները։

Հ.Գ.

Քանի որ ես ընտրություններին չեմ մասնակցելու որեւէ դիրքերից, ինձ մնում է միայն հուսալ, որ Փաշինյանը ճիշտ կկողմնորոշվի տնտեսական ռազմավարության հարցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առինջ մոլը» որոշակի հարկային պարտավորություններ կատարել է, բայց դա իրականից մի քիչ տարբերվում է. Անանյան
Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ չցանկանալով վնասել քննությանը...
«Մենք գոհ գնում ենք, թե հետո ինչ կստացվի՝ իրենք գիտեն». ավտոներկրողների եւ Դավիթ Անանյանի հանիպումն ավարտվեց
ՊԵԿ նախագահի եւ ցուցարարների հետ հանդիպումից հետո, պարզվեց, որ ավտոներկրողների երկրորդ մեքենայի ներմուծման 20 տոկոս եկամտահարկ…
Սառույցը տեղից շարժվել է, շոուբիզնեսի հայտնիներից 5-ն իրենց տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացրել են. Անանյան
Ապրիլի 20–ը շաբաթ օր էր, ուստի այդ օրը տեղափոխվել էր երկուշաբթի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ. «Լիդիան»
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում...
ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը հանդիպում է ցուցարար ավտոներկրողներ հետ
Այս պահին ընթանում է ՊԵԿ-ի նախագահի և ավտոներկորղներից կազմված 6 հոգանոց խմբի հանդիպումը…