News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Անգլիացի պրոֆեսոր Քրիստոֆեր Յանգը հոկտեմբերի 1-ին «Հայաստանում ի՞նչն էր գրավում Հենրի Լինչին. Ակունքներ եւ ներազդող գործոններ» թեմայով դասախոսություն է կարդացել Բոստոնի համալսարանում: Այս մասին հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը:  

Դասախոսությունը կազմակերպվել է Բոստոնի համալսարանի Չարլզ Ք. եւ Էլիզաբեթ Մ. Քենոսյանի անվան ժամանակակից հայոց պատմության եւ մշակույթի ամբիոնի կողմից: Հենրի Լինչը հայտնի է իր 1901 թվականին հրատարակված «Հայաստան» աշխատությամբ` բաղկացած «Ռուսական Հայաստան» եւ «Տաճկահայաստան» հատորներից, որոնցում ներկայացված են հայոց պատմությունը, աշխարհագրությունը, ճարտարապետությունը, մշակույթը, քաղաքականությունը եւ այլն:

Յանգն իր ելույթով անդրադարձել է Լինչի հայկական արմատներին, նրա առեւտրային, քաղաքական եւ ռազմական հետաքրքրություններին, ինչպես նաեւ` իր ժամանակի բազմաթիվ անգլիացի քաղաքական դեմքերի հետ շփմանը: Պրոֆեսորը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Լինչի պապին` Ռոբերտ Թեյլորին Բրիտանական արեւելահնդկական ընկերությանը պատկանող բանակն ուղարկել է Իրանի Բուշեհր քաղաք` պարսկերեն սովորելու, որտեղ էլ նա հանդիպել է Լինչի տատիկին` Ռոզային, որ Շիրազի առեւտրական Հովհաննեսի դուստրն էր: Հենրի Լինչի մայրը` Հերիեթը, ամուսնացել է Դուբլինի Երրորդության համալսարանի պորֆեսոր Թոմասի հետ,ով իր եղբայրների հետ հիմնել է «Լինչ եղբայրներ» ծովագնացության ընկերությունը, որը հետագայում անվանափոխվել եւ դարձել է «Եփրատով եւ Տիգրիսով շոգենավով նավարկության ընկերություն»:

Թոմասը հետագայում նաեւ դարձել է Պարսկաստանում գլխավոր հյուպատոս: Իսկ Ռոզան ամուսնուն կորցնելուց եւ կուրանալուց հետո ապրել է Լոնդոնում` Թոմասի եւ Հերիեթի հետ:

Հենրի Լինչը ծնվել է Լոնդոնում 1862 թվականին: Հենրին նաեւ մտերիմ է եղել իր հորեղբոր հայազգի կնոջ` Հոսաննայի եւ քեռու` Ջոն Ջորջ Թեյլորի հետ:  Վերջինը դարձել էր Էրզրումի բրիտանական հյուպատոսը եւ ճամփորդում էր հայ ուղեկցորդի հետ:

Տպել
Ամենաշատ