News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն եւ սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը:

Նախագծի համաձայն «Լսողական սարքեր եւ հաշմանդամի  սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով կիրականացվի լրացուցիչ 100 սայլակի եւ 215 լսողական սարքի պետական հավաստագրերով պարագաներ տրամադրելու վերաբաշխում:

Նշված  ծրագրով 2018թ. ընթացքում նախատեսված էր շահառուներին տրամադրել 1100 լսողական սարք եւ 450 անվասայլակ: Հուլիսի 18-ի դրությամբ այդ պարագաներն ամբողջությամբ սպառվել են:

Տրամադրվող պարագաների քանակների սպառման պատճառն եղել է աննախադեպ առաջնակի դիմելիությունը: Նման աճը պայմանավորված է եղել նրանով, որ պետական հավաստագրերի համակարգով պարագաների ձեռքբերման դեպքում ծրագրի շահառուներն ունեն ընտրության մեծ հնարավորություն եւ ի տարբերություն մինչեւ 2018թ. պետական գնումների համակարգով տրամադրվող 5-6 անվանում ունեցող սայլակներից եւ 2 անվանում ունեցող լսողական սարքերից, այժմ նրանք կարող են ընտրել շուրջ 70 անվանում ունեցող սայլակ եւ շուրջ 30 անվանում ունեցող լսողական սարք:

Մինչեւ տարեվերջ շահառուները սայլակ (100 անձ) եւ լսողական սարք (215 անձ) ստանալու համար կարող են դիմել համապատասխան կառույցներ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական տարածքային մարմիններ, Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ