News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Հ.Թումանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ  կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Այս մասին news.am-ին հայտնեցին Կոտայքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից.

«Երեկ մամուլով տարածվեց ձայնագրություն, որտեղ Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր համաձայնությունն է հնչեցնում համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավին դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավելու համար: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն և հեռու մնան կոռուպցիոն ցանկացած երևույթից: Մարզպետի համար անընդունելի է քաղաքական որևէ գործընթացում որևէ ուսումնական հաստատության ներգրավումը, և այսօր վերջինիս պահանջով` դպրոցի տնօրենը ներկայացրեց` նշված ձայնագրության բովանդակության մասին բացատրություն: Ըստ ներկայացված գրության՝ տնօրենը կարծել է, թե իր հետ կատակում են և պատասխանել է նույն կերպ «անլուրջ»:Վերոնշյալը չի ժխտում տնօրենի մասնակցությունը կամ պատրաստակամությունը` նախընտրական քարոզարշավին ներգրավել վարչական ռեսուրսներ և լծակներ»,-հայտնեցին մարզպետարանից:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Հրազդանի 5-րդ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր մասնակցությամբ ձայնագրությունը որակել է  սադրանք՝ ուղղված իր անձի դեմ: Վերջինս նշել էր, որ չգիտի, թե ով է կազմակերպել, ինչու են իրեն և իրենց դպրոցն ընտրել, բայց հույսով է, որ ամեն ինչ կպարզվի: Բակլաչյանը նշել է, որ քաղաքական գործիչ չէ, Սևակ Միքայելյանի քարոզարշավին մասնակցել է, բայց ոչ աշխատանքային օրերի ու ժամերի.

 «Ձեզ վստահեցնում եմ, որ դպրոցում քաղաքական քարոզչություն և նմանատիպ երևույթներ տեղի չեն ունեցել և չեն ունենում:Դրա մասին կարող են փաստել նաև ուսուցիչները: Ես հիմա մարզպետարանում եմ, սպասում եմ, տեսնեմ, ինչ կլինի»,-ասել էր Բակլաչյանը:

Նախօրերին համացանցում տարածված ձայնագրությունների վերաբերյալ հայտարարություններ էին արել նաև Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող   երկու թեկնածուները:

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կրտսեր որդու՝ ՔՊ-ական Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ տեղի ունեցած ձայնագրությունը սադրանք է թեկնածուի դեմ, և իրենք դիմում կներկայացնեն դատախազություն՝ մեղավորներին պատժելու նպատակով:

Հրազդան համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն՝ Լևոն Ստեփանյանն էլ news.am-ի հետ զրույցում հայտնել էր,«Համադրելով այս դեպքը վարչական ռեսուրսի օգտագործման մասին մամուլում տեղ գտած նախորդ հրապարակումների հետ` կարելի է հստակ ասել, որ սա գործելաոճ է, ոչ թե պատահականություն կամ անփութություն։

Կարծում եմ` նոր Հայաստանում նման երեւույթները մերժելի են, եւ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Հեղափոխությունը տեղի ունեցավ քաղաքական մշակույթի հենց նման դրսեւորումների պատճառով, եւ նախորդ իշխանությունների սխալները մենք իրավունք չունենք կրկնելու»։

Պատկան մարմիններից Լեւոն Ստեփանյանը պահանջում է ապահովել հավասար մրցակցություն, իսկ քաղաքական ուժերից ցանկանում է լսել հստակ դիրքորոշումներ նման դեպքերի վերաբերյալ։Նա հայտնել է նաեւ, որ ամեն ինչ կանի, որ արդարությունը վերականգնվի, իսկ մերժելի բարքերը վերջնականապես վերանան քաղաքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» հայտարարել է, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սեւակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաեւ համայնքային դպրոցների տնօրենները, որոնք աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին եւ նույնիսկ աշակերտներին։

«Փաստերի ստուգման հարթակը» տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին եւ ներկայացել իբրեւ Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել են, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաեւ առաջարկել ներգրավվել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին:

Հիշեցնենք, որ Հրազդանում համայնքի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Այսօր քարոզարշավի վերջին օրն է:Վաղը լռության օր է հայտարարվում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կրտսեր որդին՝ ՔՊ-ական Սեւակ Միքայելյանը եւ անկուսակցական Լեւոն Ստեփանյանը:

«Դա սադրանք էր, որին ես լուրջ չվերաբերվեցի». Հայտնի ձայնագրության պատճառով դպրոցի տնօրենն այս պահին մարզպետարանում է

Հրազդանում Սեւակ Միքայելյանի համար վարչական ռեսուրս է չարաշահվում. Միքայելյանը հերքում է եւ դա սադրանք համարում

 

Տպել
Ամենաշատ