News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ինձ թվում է, որ երեկ տեղի ունեցած ավանտյուրա-իրադարձությունից հետո պետք է ԱԺ-ն իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որ փորձեր հասարակության առջեւ մեղա գալով, նկատի ունեմ նախկին քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ին, արագ բերել հնարավորինս ինստենսիվ կերպով նոր ընտրական օրենսգիրքն անցկացնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հնարավորություն է ՀՀԿ-ի համար փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ ընտրություններին հին ընտրակարգով, բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին տեղերում ապահովել ռեյտինգային ընտրակարգով ձայներ, սահմանափակել 4 տոկոսանոց անցողիկ տեղով 4 խմբակցությունների անցնելու հնարավորություն եւ էլի խորհրդարանում ապահովել ՀՀԿ-ի լուրջ, զգալի թվով ներկայություն:

Սրա դեմը պետք է առնել»:

Այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով. «Դուք ուզում եք, որ ես հիմա պատասխանեմ այն, ինչ իրականությո՞ւնն է: Այդ դեպքում կցանկանայի ոչ միայն ԱԺ-ն, այլեւ ամբողջ մեր բնակչությունը գնահատեր՝ ավանտյուրան որտեղ է:

Նախ, որպես ԱԺ նախագահ ես տվեցի բոլոր հնարավորությունները, որ այն մարդիկ եւ այն խմբակցությունները, որոնք հայտարարել էին, որ կաջակցեն արտահերթ ընտրությունները պատշաճ անցկացնելու առումով, ունենային հնարավորություն, գային այս դահլիճ եւ մասնակցեին քննարկմանն ու քվեարկությանը: Ունենալով 69 մարդ, որոնք հայտարարել էին իրենց համաձայնությունը՝ աջակցելու, այստեղ մասնակցեցին ընդամենը 57-ը, այն էլ իմ կողմից տրված հավելյալ ժամանակի հաշվին: Մենք ընդամենը 50 մարդ ունեինք, չէինք կարողանում անգամ նիստը սկսել:

Երեւի ազնիվ եղավ միայն մեկ խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ հայտարարեց, որ համաձայն չէ եւ մինչեւ վերջ մնաց ոչ համաձայն: Դա ՀՀԿ-ն էր: Եկեք լինենք ազնիվ, 69 մարդ հայտարարել են, որ կաջակցեն, նրանցից միայն 57-ը ներկա եղան: Բարի եղեք գալ, մասնակցել 69 պատգամավորով եւ անցկացնել այդ նախագիծը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին: Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ 3 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Նշենք, որ օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ չընդունեց ԸՕ-ի մասին օրենքի նախագիծը

Տպել
Ամենաշատ