News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չեն հաղթահարել:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց կատարած այցի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այս առնչությամբ նշել է, որ հավաստագրման քննություններում ընթացակարգային եւ բովանդակային փոփոխություններ  են կատարվել. «Մենք խստացրել ենք քննությունները,  փոխել ենք քննությունների անցկացման ձեւը, հարցաշարերում որոշակի փոփոխություն ենք կատարել:

Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձեւական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի  տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն:  Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում եւ երբեմն կառավարման ոլորտի  տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին եւ պարտականություններին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով դպրոցական դասագրքերի խնդրին` նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի եւ Եվրոպական Միության աջակցությամբ այժմ մշակվում են նոր չափորոշիչներ, որից հետո անդրադարձ կարվի նաեւ նոր դասագրքերի հրատարակմանը. «Հանրակրթությունը պահպանողական ոլորտ է եւ այստեղ  փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում:

Նոր ծրագրերի ներդրման եւ փորձարկման համար ամիսներ եւ տարիներ են պետք, մենք անելու ենք առավելագույնը, որ այդ գործընթացները հնարավորինս կարճ տեւեն»,- նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ որոշ առարկաների ծրագրերում հաջորդ ուսումնական տարվանից փոփոխություններ կլինեն:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ Գերմանիա եւ Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին` նշելով, որ ձեռք են բերվել կարեւոր պայմանավորվածություններ` փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news