News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան Չարենցավանի N  3 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները բողոքի ակցիա էին անում՝ աջակցություն հայտնելով դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին։ Բանն այն է, որ վերջերս անցկացված մրցույթում Կարապետյանը 5 դեմ, 3 կողմ ձայներով չի վերընտրվել տնօրենի պաշտոնում։

Մրցույթում հաղթել է մեկ այլ դպրոցի ուսուցչուհի՝ Աննա Բալյանը, որի թեկնածությանը, սակայն, N 3 դպրոցի աշակերտները և ուսուցիչները դեմ են։

NEWS.am–ի հետ զրույցում Լուսինե Կարապետյանն ասաց,  որ դպրոցի տնօրենի ընտրությունն անցկացվել է ուղղորդված և ի սկզբանե կանխորոշված է եղել մրցույթի ելքը։

«Ընտրություններից առաջ փոխել են դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4–ին, որոնցից երկուսը մարզպետարանի ներկայացուցիչներ են՝ ՔՊ-ականներ։ Խորհրդի անդամներից մեկը, որ Նոր Հաճնից էր, շատ կոպիտ, ագրեսիվ տոնով էր ինձ հետ խոսում, մեղադրական տոնով հարցեր էր տալիս, ընդհատում»,- ասաց նա։

Տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ այսօր հանդիպել է Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի հետ, որը իրեն մեղադրել է, թե ինքը հրահրում է բողոքի ակցիաներ։

«Փոխմարզպետն այսօր ինձ ասում է՝ դուք հին եք, հին սիստեմի մարդ եք, ի՞նչ անենք՝ դպրոցում ձեռքբերումներ եք ունեցել, բայց ես ընդամենը 49 տարեկան եմ, իսկ հաղթած թեկնածուն՝ 43 տարեկան։ Ես հին թեկնածու եմ, որը նոր ժամանակներին և նոր պահանջներին չի համապատասխանում։ Ասում են, թե ես եմ կազմակերպել բողոքի ակցիաները, որ ես կառչած եմ իմ պաշտոնից։ Ես հիմա թոքաբորբով հիվանդ եմ, մի կերպ եմ գնացել աշխատանքի, ես նրանց ոտքի չեմ հանել,  դա ծնողների և աշխատակիցների ցանկությունն է, ես ընդհանրապես ինձ թույլ էլ չեմ տա միջամտել»,– ասաց նա։

Կարապետյանն ասաց, որ ժամանակին ՀՀԿ-ական է եղել, սակայն թավշյա հեղափոխությունից հետո դադարեցրել է իր անդամությունը, քանի որ ինքն էլ է այն կարծիքին, որ դպրոցները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից։

Տնօրենի պաշտոնակատարը հայտարարեց, որ մրցույթի արդյունքները բողոքարկելու է Կրթության և գիտության նախարարությունում, քանի որ կարծում է, որ մարզպետարանն անաչառ չ եղել։

NEWS.am–ի հետ զրույցում, սակայն Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն ասաց, որ տնօրենի տեղի համար անցկացված մրցույթում որևէ խախտում չի արձանագրվել։

Նրա խոսքով, եթե մրցույթի մասնակից թեկնածուները որոշակի վերապահումներ ունեն կամ տեղեկություններ ունեն  ենթադրյալ խախտումների մասին, կարող են դիմել լիազոր մարմնին՝ մարզպետարան։

Փոխմարզպետը նշեց, որ տնօրենի պաշտոնակատարը խեղաթյուրել է իր խոսքը՝ հայտարարելով, թե ինքը նրան ասել է «հին մարդ»։

«Ես պարզապես իր հետ զրույցում ասել եմ՝ եթե չկան որէ վերապահումներ և խախտումներ, ապա ինչո՞ւ եք ձեր պաշտոնը ցանկացած գնով պահում՝ երեխաներին օգտագործելով այդ ակցիաների մեջ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե կա՞ն փաստեր ենթադրելու, որ հենց տնօրենի պաշտոնակատարն է հրահրել բողոքի ակցիաները, մարզպետը պատասխանեց.

«Իհարկե ինքը հրաժարվում է, որ ինքն է ուղղորդում երեխաներին, բայց այն, որ ինքը՝ որպես գործող տնօրեն, պատասխանատու է երեխաների անվտանգության և կրթական իրավունքի իրացման համար, և որևէ քայլ չի ձեռնարկում այդ իրավունքն ապահովելու համար, հստակ ցուցիչ է՝ կարծելու, որ բողոքի գործողություներն առնվազն իր շահերից են բխում»,–ասաց նա և հավալեց.

«Եթե չկա որևէ խնդիր, ինչո՞ւ է նա փորձում պահել պաշտոնը»։

Տպել
Ամենաշատ