News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում որոշում կայացվեց 270 միլիոն 858 հազար դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց, թե հրատապ հիմնանորոգման կարիք ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, արտաքին պարիսպը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրամատակարարման ցանցն ու ջրահեռացման ցանցերը, սանհանգույցները, «Սեւան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը:

Պետական վերահսկողության ծառայության նախագահ Դավիթ Սանասարյանը հետաքրքրվեց, թե գնման ինչ ընթացակարգով է իրականացվելու այդ 270 մլն դրամի շինաշխատանքներն ու ձեռքբերումը, ինչին Զեյնալյանը պատասխանեց՝ օրենքով սահմանված կարգով, այն չի արվելու մեկ անձից գնման եղանակով:

Սանասարյանն էլ դիմելով վարչապետի պաշտոնակատարին ասաց. «Մինչ օրս դա արվել է «Աջակցություն դատապարտյալներին» ծրագրի միջոցով: Այս պահին եւս շինարարություն է իրականացվում: Այստեղ խնդիրներ կան, որոնք ես ձեզ ավելի մանրամասն կներկայացնեմ, ուղղակի մեզ հասած ինֆորմացիա կա, որ այդ հիմնադրամի միջոցով է իրականացվելու: Դրա համար այդ ռիսկերը բացառելու համար հարցը բարձրացվեց»:

Նիկոլ Փաշինյանն էլ շարունակեց. «Ես ձեզ ուրիշ ռիսկերի մասին էլ ասեմ: ՔԿՀ-ներում կան ավանդույթներ, որոնցից մեկի համաձայն, երբ բյուջեից գումար է հատկացվում, ես չգիտեմ, դուք դրա մասին գիտեք, Պարոն Զեյնալյան, թե ոչ, բայց քանի որ թեման հասավ դրան, ասենք, որ երբ բյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ներում որեւէ աշխատանք կատարելու համար, այդ աշխատանքը շատ հաճախ կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին: Համենայնդեպս, իմ՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում մի քանի այդպիսի երեւույթներ նկատել եմ: Այս հարցում պետք է հստակ լինի ամեն ինչ, աշխատանքի որակի հետ կապված լինել ուշադիր, որ ստիպված չլինենք ավելի հաճախ նույն խնդրի վրա ավելի շատ գումար ծախսել:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ 10 տարուց ավելի է՝ այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել: Նա հաստատեց, որ նախկինում նման ապօրինություններ եղել են, սակայն հավելեց, որ իր կառավարման շրջանում արգելվել է, որ որեւէ շինարարության համար դատապարտյալներից գումար հավաքվի: Նա խոստացավ, որ գնումների գործընթացը կարվի առավելագույս թափանցիկ, եւ եթե կարիք կա, կարող են ներգրավել այլ կառույցների ներկայացուցիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ