News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ–ում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես, ինչպես երաշխավորված է Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը։

Նախագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը նշեց, որ համաձայնության են եկել, որ մինչեւ 2-րդ ընթերցում կգտնեն լուծումներ առ այն, որ եթե գործող օրենքով նախագահը, Աժ նախագահն ու վարչապետը չեն կարող հրաժարվել պետական պաշտպանությունից, ապա կաթողիկոսը ցանկության դեպքում գրավոր տեղեկացնի եւ իրավունք ունենա հրաժարվել այդպիսի պաշտպանությունից։

Պատգամավորը շեշտեց՝ այս խնդիրը պետք է լուծվի ոչ թե հայեցողությամբ, այլ օրենքով. «Չի բացառվում, որ վաղը կարող է ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնվի ինչ–որ աղանդի ներկայացուցիչ, որը որոշի որ կաթողիկոսին չի ցանկանում տրամադրել պետական պաշտպանություն, այս պատճառով ցանկանում ենք այս խնդիրը լուծել օրենքով»։

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ այս օրենսդրական փոփոխության կարիքը չկա, քանի որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով վարչապետին տրված է լիազորություն պաշտպանության միջոցներ նախատեսել այլ կրոնական, քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք կունենան այդ պաշտպանության կարիքը, իսկ կառավարությունն ի վիճակի է Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովել։

Բացի այդ, փոխնախարարը շեշտում է, որ տեղին չեն համարում կաթողիկոսին դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էլ նկատեց. «ԱԺ պատգամավորի 105 պատգամավորներից 101-ը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, բայց պարզվում է, որ ես այս հավատալիքների ուղղվածությունը չունեցող անձ լինելով ավելի շատ եմ շահագրգռված վեհափառի պաշտպանության երաշխիքներ ստեղծել, քան այն քրիստոնյաները, որոնց պարտականությունների մեջ է դա մտնում»։

Նա շեշտեց, որ պետք է վեհափառին ապահովել պաշտպանության մեխանիզմներով այն պայմանով, որ եթե վեհափառը դրա կարիքը չունենա, դիմի եւ հրաժարվի։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ