News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խնդրեց հանել քվեարկությունից իր հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը, որով նախատեսվում էր ՀՀ տարածքում արգելել տեղական ու միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:

Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ նախագիծը բացեր ունի եւ դրա ընդունմամբ քաոս կստեղծվի:

Սամվել Ֆարմանյանն ասաց. «Օրինագիծը ո՛չ քաոս է ստեղծում, ո՛չ էլ բացեր ունի: «Օրինագիծը մեկ խնդիր է լուծում, ընդամենը ասում է՝ եկեք օրենքով արգելենք այդ քաղցկեղի գոյությունը, «վիվառոների», «տոտոների», բայց հաշվի առնելով, որ իմ ներկայացրած նախագիծը քաղաքական աջակցություն չունի, ճիշտ կլինի չդնել քվեարկության, հուսով եմ, որ գալիք խորհրդարանում այս խնդիրը լուծում կստանա: Միեւնույնն է, վաղ թե ուշ որեւէ կառավարություն այս ռադիկալ լուծմանը գնալու է»:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Պարո՛ն Ֆարմանյան, դուք ճիշտ վարվեցիք այս պահին, որովհետեւ օրենքները քաղաքական աջակցություն պետք է ունենան»:

ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանն էլ նշեց, որ իր գլխավորած ՍԻՄ կուսակցությունն ամբողջությամբ աջակցում է այս նախաձեռնությանը. «Մենք գտնում ենք, որ այսօր այդ վիճակախաղով տարված շատ մարդիկ կործանվում են եւ կործանում իրենց ընտանիքները: Առկա վիճակը մի քանի խմբավորումների շահն է սպասարկում, որը հակասում է հասարակության շահին»:

Հաջորդը ԱԺ-ում քվեարկության դրվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, որը նախատեսում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գովազդը:

Վարման կարգով ձայն խնդրեց նախագծի հեղինակ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ նշեց. «Քանի որ Սամվել Ֆարմանյանի օրինագիծը դուրս եկավ քվեարկությունից, կարծում եմ՝ լավ առիթ է այս օրինագիծը ընդունենք, Գալուստ Գրիգորիչ ջան խնդրում եմ այս անգամ քվեարկեք կողմ, կարծում եմ հրատապ է այս հարցը, քանի որ տեսնում եք՝ տոտալիզատորների գովազդները խեղդում են»:

Օրինագիծը չընդունվեց, քանի որ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 52 կողմ, չբավականացրեց մեկ ձայն:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ նկատեց. «Ես ուզում եմ անդրադառնալ նախորդ քվեարկությանը, որտեղ օրենքի հեղինակներից մեկը, որը խոսում էր, որ սա մեծ վնաս է մեր հասարակությանը, չքվեարկեց գովազդի սահմանափակման վերաբերյալ օրինագծին: Փաստացի իմ ելույթը, որտեղ ասվում էր, որ այս ամենն արվում է ոչ թե հանրության մասին մտահոգ լինելու պատճառով, այլ հերթական անգամ խնդիր առաջացնելու համար, ճիշտ է դուրս գալիս դրանով»:

Տպել
Ամենաշատ