News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մեր սրբազան հայրենիքը աղբի մեջ կորած է եւ այս խնդիրը պետք է լուծվի կառավարության եւ քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մարտունու 190–ամյակին նվիրված միջոցառումներին ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ընտրությունն ընտրություն, բայց ես միշտ խոստացել եմ, որ նայելով ձեր աչքերի մեջ խոսելու եմ ճշմարտության մասին, ես չեմ փորձելու իրականությունը ծռել, շեղել։ Ամեն անգամ որեւէ մարզ գնալիս մեքենայի պատուհանից նայում եմ ու իսկական ցավ եմ ապրում, որովհետեւ այսօր մեր սրբազան հայրենիքը աղբի մեջ կորած է։ Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության եւ քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ, այո՛, կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուծեն աղբահավաքման խնդիրը եւ հրատապ խնդիրներից է աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, որ աղբը տեղից տեղ չճամփորդի»,–նշեց նա։

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին մաքրել իր միջավայրը ոչ միայն մաքրելով, այլ նաեւ չկեղտոտելով. «Ես շատ պրիմիտիվ բաներից եմ ուզում խոսել։ Եթե այսօր Հայաստանում քաղաքացին ինքը առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, ոչ միայն մաքրելով, այլ նաեւ չկեղտոտելով, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի։ Այս թափված աղբը անարգանք է մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ։ Ես այսօր, երբ հասա Նորատուսի խաչմերուկ, ուղղակի սարսափեցի, որովհետեւ այնտեղ երկու հսկայական խանութ կա, իսկ դրանից 10 կմ այն կողմ այդ խանութների չափ աղբակույտ կա եւ այնպիսի տպավորություն է, թե այդտեղ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, ո՞ւր է նայում մարզպետարանը։ Այնպիսի տպավորություն է, թե այս երկրում ոչինչ չի փոխվել»,–վրդովմունք հայտնեց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ որեւէ աղբի գոյությունը մենք չեն հանդուրժելու. «Մեզ փորձում էին սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել, մենք մաքրեցինք, հիմա պետք է մաքրենք նաեւ ֆիզիկական աղբը, մտավոր աղբը, հուսահատության աղբը, բարոյական աղբը։ Որեւէ աղբի գոյությունը մենք չեն հանդուրժելու»։

Վարչապետի պաշտոնակատարը նկատում է՝ ինչ–որ ժամանակ, օրինակ, ինքն էլ է ծխախոտը գետնին, նետել, բայց ինչ–որ պահի հասկացել է, որ այդպես սխալ է. «Այսօր Հայաստանում ծխողների 95 տոկոսը ծխախոտը գցում է գետնին։ Ես նախ բոլորին կոչ եմ անում որպես հին ծխող թողել ծխելը։ Ես էլ ձեզանից մեկն եմ, ծխել եմ, գցել եմ գետին, բայց ինչ–որ պահի հասկացել եմ, որ սխալ բան եմ անում եւ դադարեցրել եմ։ Հեղափոխությունը սկսում է այստեղից, հեղափոխությունը մեզանից յուրաքանչյուրի փոփոխությունն է, որովհետեւ մենք փոխվեցինք, դրա համար հեղափոխություն եղավ, մինչ այդ մենք վախենում էինք ինչ–որ բանից, պատվելուց, հետապնդումների ենթարկվելուց, քմծիծաղի առարկա դառնալուց, բայց հաղթեցինք, երբ դադարեցինք վախենալ»։

Փաշինյանը նկատում է՝ մեզ ուզում են համոզել, որ մենք փոքր ժողովուրդ եք ու պետք է յոլա գնանք. «Մեզ անընդհատ ամեն տեղից, բոլոր կողմերից ուզում են համոզեն, որ դուք փոքր ժողովուրդ եք, յոլա գնացեք էլի, պուճուր ժողովուրդ եք։ Բայց մենք բոլորին ասում ենք՝ ո՛չ մենք փոքր ժողովուրդ չենք։ Մենք կարող ա փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, մենք հաղթած ժողովուրդ ենք։ Որեւէ մեկը չփորձի մեզ հետ խոսել սպառնալիքով, կարեկցանքով կամ քամահրանքով»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ