2019–ի բյուջեի նախագիծը շատ հեռու էր, ուղղակի սարեր ու ձորեր կային այն տնտեսական աճի խոստումներից, որոնք կային կառավարության ծրագրում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Այդ բյուջեն իսկապես հեղափոխական չէր, իսկ դա պետք է այդպիսին լիներ՝ ըստ կառավարության ծրագրի, դա նույնիսկ իներցիոն չէր, ինչպես ասաց վարչապետը. կյանքը ցույց տվեց, որ այդ նախագիծը ոչ միայն հեղափոխական չէ, ոչ միայն իներցիոն չէ, այլեւ ռեգրեսիվ է»,–ասաց Գագիկ Մինասյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ նոր կառավարության առաջարկած բյուջեն հետընթաց է արձանագրում չափազանց կարեւոր ցուցանիշներում։ Առաջինը, ըստ նրա, տնտեսական աճի ցուցանիշն է. «Եթե մեր տնտեսական աճը 2017 թվականին արձանագրվել է 7,5 տոկոս, եթե 2018 թվականին ակնկալում ենք 6,5 տոկոսի տնտեսական աճ, ապա հաջորդ տարվա պետական բյուջեով 2019 թվականի համար կանխատեսված է 4,9 տոկոսի տնտեսական աճ. անկումը ակնհայտ է, տենդենցները ակնհայտ են»։

Տնտեսագետը նույնը ասաց կապիտալ ներդրումների ցուցանիշի մասին։ Դրանք երկու չափորոշիչով են՝ ընդամենը կապիտալ ներդրումներ եւ այդ ընդամենի մեջ մասնավոր կապիտալ ներդրումներ։ Գագիկ Մինասյանի խոսքով, այս երկուսի միջեւ կա ընդհանուր տենդենց։

«Եթե այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշները բավականին խոստումնալից էին, ապա եկող կիսամյակում այնքան է նվազել առաջին կիսամյակի արդյունքը, որ տարեկան կտրվածքով առաջին կիսամյակի նկատմամբ տարեկան ներդրումների աճը կիսվել է։ Իսկ եկող տարվա համար ընդամենը այս տարվա ամբողջի նկատմամբ 7–8 անգամ ավելի պակաս ներդրումների աճ է նախատեսվում։ Ակնհայտ է, որ եթե դուք չունեք ներդրումներ, ապա նոր աշխատատեղեր, նոր՝ ավելի բարձր տեխնոլոգիաներ, չեք կարող ակնկալել»,– ասաց նա։

18–65 տարեկանների եկամուտները հայտարարագրելու խոսակցություններին անդրադառնալով, Գագիկ Մինասյանն ասաց, որ եթե այդպիսի նախաձեռնություն լինի, եւ խորհրդարանում լինի ՀՀԿ–ն, իհարկե, իրենք դեմ դուրս կգան, որովհետեւ դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել այն մարդկանց համար, որոնք իրենց բարեկամների ուղարկած գումարներով են ապրում. նրանց վիճակն իսկապես ավելի կվատանա։

Տրանսֆերտներ ուղարկողների համար էլ, նրա խոսքով, անհասկանալի կլինի, թե 20–30 տարի չհարկվող գումարները ինչո՞ւ հանկարծ սկսեցին հարկել։ Իբրեւ հետեւանք՝ նրանք կարող են իրենց ընտանիքը եւս տանել արտերկիր։

Համընդհանուր հայտարարագրման ու հարկման մտադրությունը Գագիկ Մինասյանը բացատրեց պետբյուջեն համալրելու համար հավելյալ գումարներ գտնելու՝ իշխանությունների ցանկությամբ։

«Եթե դուք անում եք հայտարարություններ մեծ եկամուտների, ներդրումների մասին, եւ դրանք տեղի չեն ունենում, ապա ստիպված եք գտնել լրացուցիչ միջոցներ պետբյուջեն համալրելու համար, եւ չեմ բացառում, որ հենց դա է տեղի ունեցել»,– ասաց նա։

Ներկա տնտեսական իրավիճակը Գագիկ Մինասյանը որակեց «ունիկալ», քանի որ կառավարությունը հայտարարել է  հեղափոխական աճերի մասին, բայց այդ հեղափոխական աճերը ուշանում են եւ կարող են նաեւ չլինել։

Նա ասաց, որ տրանսֆերտները հարկելու փոխարեն շատ ավելի տրամաբանական կլինի, եթե այլ լրացուցիչ ռեսուրսներ գտնվեն՝ կապիտալ ներդրուների էական աճ, տնտեսական մեխանիզմների գործարկում, որոնք կարող են երաշխավորել պետբյուջեի հարկված եկամուտների էլ ավելի արդյունավետ ծախսումը, հետո միայն անցնել հայտարարագրման լայնածավալ մակարդակին։

«Աշխատատեղ բացելը հեշտ գործ չէ եւ համոզված չեմ, որ մեր նոր իշխանությունները իրենց քաղաքականությամբ օժանդակում են այդ խնդրին։ Եթե հայտարարություն եք անում, որ Հայաստանը կղզի է՝ առանց նավահանգիստների կամ ասում եք, որ ամեն առիթով մեր սահմանը Իրանի հետ կփակվի, կամ ասում եք, որ մեզ մոտ 800 հազար մարդիկ «լոդրեր» են՝ չեն աշխատում, չե՞ք կարծում, որ այդ հայտարարությունը չի նպաստում ներդրումների մուտքին Հայաստան. էդ մարդիկ գան Հայաստան՝ ի՞նչ անեն»,– ասաց Գագիկ Մինասյանը։

Ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարություններին Մինասյանը վերապահումով է մոտենում։

«Նախորդ տարվա վերջին՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, հաստատեցինք այս տարվա պետբյուջեի նախագիծը, եւ մենք ունենք տվյալներ՝ առաջին 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտները եւ պետական տուրքերը ինչպիսին պետք է լինեին այդ նախագծով եւ ունենք այս տարվա 9 ամիսների հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրված գումարը։

Այն գումարը, որը մենք հավաքագրել ենք այս ընթացքում, ընդամենը 1,3 տոկոսով է ավելին նախատեսվածից։ Ինձ բացատրեք՝ ո՞ւր մնաց ստվերի, կոռուպցիայի դեմ հաջող պայքարը, եթե ստվերը, որի մասին խոսվում էր 30-40 տոկոսի շրջանակում է եւ կրճատվել է էապես, ապա ինչո՞ւ են պետական տուրքերը ավելացել ընդամենը 1,3 տոկոսով»,–ասաց Գագիկ Մինասյանը։