News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքի Ամերիկայի հայկական թանգարանում նոյեմբերի 15-ին կատարվել է նոր ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին հայտնում է Watertown Wicked Local լրատվամիջոցը:

«Հայաստան. արվեստ, մշակույթ, հավերժություն» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է 3000 տարվա հայոց պատմությունը` Ուրարտուից մինչեւ մեր օրեր: Ավելի քան 50 ցուցանմուշների շարքում կարելի է գտնել ինչպես 20-րդ դարի երեխայի կաշվե կոշիկներ, այնպես էլ Քյոթահիայի կամ Կուտինայի 12-րդ դարի անոթներ: Ծրագրի հեղինակը թանգարանի նոր գործադիր տնօրեն Ջենիֆեր Մանսոնն է. սա նրա պաշտոնավարման ընթացքում բացված առաջին ցուցահանդեսն է:

Մանսոնն ասել է, որ այս հավաքածուն կազմելիս ցանկացել է փոքր դետալներով ընդգծել այնպիսի երևույթներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթի կարեւորագույն էջերը, ինչպես օրինակ՝ քրիստոնեության ընդունումը, գրերի ստեղծումը, տեքստիլի, մետաղագործության եւ կերամիկական աշխատանքների ավանդույթները, ցեղասպանության ողբերգությունը եւ այն, թե ինչպես են հայերը հասել Միացյալ Նահանգներ` դառնալով հայկական աշխարհի մի կարեւոր մաս:

Հավաքածուի մի մասում ներկայացված են թանգարանին նվիրաբերված առարկաներ, որոնք պատմում են առանձին հայ ընտանիքների պատմությունը, մասնավորապես` ցեղասպանությունից փրկված ընտանիքների, որոնք հասել են Միացյալ Նահանգներ:

Ցուցահանդեսի առարկաների շարքում կա 1915 թվականից պահպանված, մի զգեստ: Այդ կարճաթեւ, սպիտակ բամբակյա զգեստը կրել է Արաքսյա Գրիգորյանը, երբ գտնվում էր Սիրոս հունական կղզու որբանոցում: Ցեղասպանության ժամանակ ծնողներին կորցնելով` Արաքսյային բաժանել են քույրերից եւ տարել որբանոց, եւ նա  պահել էր այդ զգեստը՝ որպես հիշատակ:  

«Հայաստան. Արվեստ, մշակույթ, հավերժություն» հավաքածուն կպահպանվի թանգարանի հիմնական հավաքածուների շարքում: Առաջիկայում թանգարանում նախատեսվում են ընդլայնված հավաքածուներ, որոնք խորապես կանդրադառնան ցեղասպանության թեմային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ