News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Ավտորիտար ղեկավարները վճռական քայլեր ձեռնարկեցին իրենց իշխանությունը ամրապնդելու, գործող ժողովրդավարության համար անհրաժեշտ մեթոդները ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը և ազատ մամուլը, տապալելու  համար, ինչպես նաև Հունգարիայում, Նիկարագուայում, Ֆիլիպիններում և այլ երկրներում զանգվածային ցույցերը շարունակ անտեսելու կամ բռնի կերպով ճնշելու: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է Washington Post-ի իր հոդվածում:

Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության և հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: «Երբ տասը տարի իշխանության ղեկին նստած նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց ամրապնդել իր իշխանությունը՝ Սահմանադրությունը փոխելով, և դառնալ վարչապետ, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի բարկությունը` արմատապես փոխելու երկրի ուղղությունը:

Փաշինյանն անցկացրեց  զանգվածային երթ, որին հետևեցին զանգվածային ցույցերը՝ կաթվածահար անելով երկիրն այնքան ժամանակ, քանի դեռ  Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակած խորհրդարանը վերջնականապես չմեղմեց իր դիրքորոշումը: Հայաստանի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ և համոզել օրենսդիրներին՝ վարչապետ ընտրել Փաշինյանին: Սակայն ամենամեծ տեղաշարժը դեռ առջևում է»,- գրում է հեղինակը: Գիտիսը նշում է, որ մեկ շաբաթ առաջ հայերը ընտրեցին նոր խորհրդարան, որի արդյունքում Փաշինյանի դաշինքը ստացավ ձայների 70 տոկոսը, իսկ  նախկին իշխող կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ խորհրդարան մտնելու համար: «Վստահության քվեի հիման վրա Փաշինյանը սկսել է հակակոռուպցիոն բազմակողմանի արշավ` ուղղված պետական համակարգը մաքրելուն»,- ասվում է հոդվածում:

Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները և նրանց ղեկավարները դեռևս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին: «Նրանց փորձերը դեռ կարող են ձախողվել: Բայց այն փաստը, որ նրանք կարողացել անել կարևոր ժողովրդավարական քայլեր՝ չնայած ցածր խաղադրույքին, պետք է ոգեշնչեն նրանց, ովքեր պայքարում են ավերիչ կոռուպցիոն ուժերի և այլ երկրներում ավտորիտարիզմից օգտվողների դեմ», - եզրափակում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ