Սա քաղաքական թիմի քաղաքական որոշում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողներին ասել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի որոշմանը՝ առաջադրել իրեն խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում։

Անդրադառնալով իր թեկնածության շուրջ հնչող դժգոհություններին, թե նա գուցե չկարողանա 88 հոգանոց խմբակցություն ղեկավարել, Մակունցն ասել է. «Իհարկե, բարդ է, բայց բարդ է պետական համակարգի բոլոր ոլորտներում։ Որևէ հեշտ բան չկա այս փուլում, հատկապես որ առաջին անգամ խորհրդարանական իշխանությունը ներկայացված է լինելու նման մեծ խմբակցությամբ»։

Հարցին, թե Մշակույթի նախարար նշանակվելիս նա ասել էր, թե մշակույթն իր մեջ է, արդյոք դժվար չի լինելու մշակույթից կտրվելն ու միայն քաղաքականությամբ զբաղվելը, Մակունցը պատասխանեց. «Մշակույթը հիմա էլ իմ մեջ է, որտեղ էլ լինեմ, ինձանից դուրս չի գալու»։