News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ինքնիրավչության համար մեղադրվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը փոխվել է «Արարատբանկ» ԲԲԸ–ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի անձնական երաշխավորությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20–ին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։

Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով և դրա  սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։

Կրոմվել Գրիգորյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի կողմից բռնություն գործադրելու սպառնալիք չի եղել։

«Իբրև թե կոնֆերանսների դահլիճում մեղադրյալ Հրայր Հովսեփյանը  երկու ձեռքով հարվածել է տուժողի ուսերին, նա էլ դա որպես ռեալ սպառնալիք է ընդունել և զբաղվել է, որպեսզի գրավադրվի բնակարանն ու այդ գումարը ստանա»,– ասաց նա՝ նշելով, որ տուժողը բանկից ստացած գումարները ծախսել է իր կարիքների համար։

Ըստ նրա ՝ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես գործի ելքով շահագրգռված անձանց՝ տուժողի և երկու ենթադրյալ վկաների ցուցմունքները։

Հարցին, թե ո՞րն է տուժողի շահագրգռվածությունը, որ Բեգլարյանի դեմ հաղորդում է ներկայացրել, պաշտպանը պատասխանեց։

«Տուժողը շանս ունի, իրավիճակ է փոխվել, երկրում իշխանություն է փոխվել, և նա հույս ունի, որ իր գումարը, որն իր անձնականի համար ծախսել է, միգուցե հետ գա»։

Կրոմվել Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։

«Նա գրավոր հրաժարվել է՝ նշելով, որ չի ցանկանում իր նկատմամբ համաներում կիրառվի, քանի որ պնդում է, որ որևէ հանցավոր արարք չի կատարել»։

Նշենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։

Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։

Տպել
Ամենաշատ