News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2019 թ․ համար դժվար է Հայաստանի տնտեսության մեջ դրական տեղաշարժեր կանխատեսել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը։ Նրա խոսքերով՝ բերվող թվերը՝ 5-6 տոկոս տնտեսական աճի մասին, ամենայն հավանականությամբ, չեն արտացոլի իրական դրությունը, այնպես որ դժվար թե արժի լուրջ տնտեսական ակտիվություն ակնկալել։

«Այս 7-8 ամիսների ընթացքում չի հաջողվել տնտեսական առաջընթաց գրանցել։ Սկզբում որոշակի իներցիոն ակտիվություն էր դիտարկվում, սակայն այժմ դա էլ չկա։ Չի կարելի խոսել նաեւ տնտեսության մեջ ներդրումներ գրավելու արդյունավետ քաղաքականության մասին, քանի որ առայժմ դրանց համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծվում»,- նշեց տնտեսագետը։ Նա նկատեց, որ անցյալում արհեստական սահմանափակումների ճանապարհով ստեղծվում էին պայմաններ՝ տասը տնտեսվարող սուբյեկտներից մեկի ուժեղացման համար, այն դեպքում, երբ այժմ, տնտեսության մեջ լիբերալիզմի պայմաններում տասից մեկ ուժեղ խաղացողը կարող է փաստացի մրցակցությունից դուրս գործել, սակայն հիմա արդեն օրենքի վրա հիմնված խաղի նոր կանոններով։

«Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի մնացած ինը տնտեսվարող սուբյեկտները կարողանան հավասար պայմաններում մրցակցել մեկի, սակայ ուժեղ «մրցակցի» հետ։ Եվ այս ամենը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի խոշոր խաղացողին վնաս չհասցվի»,- ասաց նա։ Խոսելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին՝ Կարեն Ադոնցը նշեց, որ դա բնակարանների գնի աճի պատճառ դարձավ, որի արդյունքում տուժեցին ե՛ւ նրանք, ովքեր վարկեր են վերցնում, ե՛ւ նրանք, ովքեր անշարժ գույք են վաճառում։ «Հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների իջեցումը բնակարանների շուկայում պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռման խախտման պատճառով հանգեցրեց անշարժ գույքի գների արհեստական բարձրացմանը։ Բնակարանների դեֆիցիտի արդյունքում շուկայում անշարժ գույքի գները 20 տոկոսով բարձրացան։ Դա խոսում է այն մասին, ու նրանք, ովքեր ծրագրում էին որոշակի գնով բնակարան գնել, ստիպված են 20 տոկոսով ավել վճարել այն գնից, որ նախատեսել էին սկզբում։ Որքան ցածր լինի վարկավորման տոկոսադրույքը, այնքան բարձր կլինի բնակարանների գները։ Եւ այդպես կլինի այնքան ժամանակ, մինչեւ չվերականգնվի արաջարկը»,- պարզաբանեց փորձագետը։

Խոսելով կառավարության կառուցվածքի բարեփոխման մասին՝ Կարեն Ադոնցն ընդգծեց, որ փոփոխությունները պետք է լինեն այն բանի հիման վրա, թե զարգացման ինչ ռազմավարություն է ընտրել երկիրը։ «Խնդիրն այն է, որ մեզ մոտ բացակայում է հենց զարգացման ռազմավարությունը։ Պետք է հասկանալ՝ տնտեսության ինչ կառուցվածք ենք մենք ուզում ունենալ։ Պե՞տք են արդյոք մեզ արտադրության ոլորտները։ Չէ՞ որ մենք այսօր ի վիճակի չենք արդյունաբերական որակյալ ապրանք արտադրել եւ իրացնել այն արտաքին շուկայում։ Պետական կառավարման կառուցվածքը պետք է բխի հենց երկրի տնտեսության զարգացման տեսլականից»,- ամփոփեց տնտեսագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ