2019թ․ հունվարի 1-ից ՆԱՏՕ-ի բարձրագույն պատրաստականության միավորված օպերատիվ խմբի (Very High Readiness Joint Task Force - VJTF) առաջնորդի դերը կանցնի Գերմանիային։ Խմբում 5000 զինվորականներ են, որոնց թիվը 2019-ին կհասցվի 8000-ի՝ տեղեկացնում է DW-ն։
Նրանք գտնվում են ռազմական լիակատար պատրաստականության վիճակում եւ արտակարգ իրավիճակի դեպքում 48 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն ճգնաժամային տարածաշրջան։ Գերմանիայից բացի, խմբում ներկա են զինծառայողներ Բելգիայից, Լատվիայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից․ Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆրանսիայից եւ Չեխիայից։
Բեռլինյան «Գիտություն եւ քաղաքականություն» հիմնադրամի ներկայացուցիչ Ռայներ Գլաթսը հատկապես առանձնացնում է VJTF-ի քաղաքական ազդակները եւ բազմազգ ինտեգրացիան։ Այս ստորաբաժանումը ներառված է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում, որի ընդհանուր թիվը 40 000 է։